Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ոչնչացնել Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվելիք «ահաբեկչական բանակը»: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Միացյալ Նահանգները պնդում են, որ մեր սահմաններին ահաբեկչական բանակ են հիմնելու: Մեր գործը կլինի նախքան դրա ստեղծումն այդ բանակը ոչնչացնելը: Այս պահի դրությամբ նրանք (ԱՄՆ իշխանությունները-խմբ.) 4800 բեռնատար զենք են ուղարկել այդտեղ: Ինչ ուզում ես ուղարկիր, սակայն այդ 30 հազարանոց բանակը, որն ուզում ես ստեղծել, քեզ չի կարող այդ տարածքում ներկայացնել և մի նեղացիր, բայց քո ռազմավարական գործընկերոջ առջև խայտառակ ես լինելու»,- ասել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ չնայած իրենց կողմից հնչեցվող պնդումներին՝ Միացյալ Նահանգները հաստատակամ են թուրքական սահմանի երկայնքով «ահաբեկչական բանակ ստեղծել»: «Թուրքիայի սահմանի երկայնքով ստեղծվող բանակը կարո՞ղ է մեկ այլ նպատակ ունենալ, քան հենց Թուրքիան է: ԱՄՆ-ն արդեն պետք է հրաժարվի բառախաղերից և բացահայտ կերպով հայտարարի իր մտադրությունների մասին»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ թուրքական զինված ուժերն արդեն պատրաստ են Սիրիայի Աֆրին և Մանբիջ քաղաքներում գործողություններ իրականացնելուն: «Մեր նախապատրաստություններն արդեն ավարտին են մոտեցել: Գործողությունը կարող է սկսվել ամեն պահի»,- ասել է նա: