Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 15-ին, 34 կողմ և 54 ձայներով մերժեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «Ելք»-ի գործընկերները կողմ քվեարկեցին «Ծառուկյան» խմբակցության առաջարկին, մինչդեռ նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդրկվեց՝ մերժվելով 54 դեմ, 34 կողմ ձայնով։ Ստացվում է ՀՀԿ մերժում է փոփոխություններ անելու առաջարկը, փոխարենը առաջարկում ՝ խորհրդարանական լսումներ կազմակերպել, հրավիրելով բոլոր շահագրգռված կողմերին: Մինչդեռ շահագրգռված կողմ այս դեպքում հանդիսանում են ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնց գրպանին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարվածում է երկրում ծայր առած գնաճը: ՀՀԿ խոստանում է պատժել մեղավորներին. Ինչ խոսք դա ավելի հեշտ է, քան փոփոխել խաղի կանոնները, շատ ավելի հեշտ է լեզու գտնել մի քանի օլիգարխի հետ, որոնք օգտվելով ընձեռված առիթից ախորժակները չեն զսպել՝ իշխանություններին դնելով բավականին տհաճ իրավիճակի մեջ: Այն, որ կային թանկացումներ ու գնաճ, հանրապետականները իմացան միայն այն բանից հետո, երբ այդ մասին գուժեց նախագահը: Մինչ այդ բոլորը միահամուռ կերպով մերժում էին թանկացումների հնարավորությունը և պնդում էին, թե իբր ահազանգերը սոսկ անհիմն խոսակցություններ են: Այժմ արդեն լծվել են մեղավորներ գտնելու սուրբ գործին: Ավելորդ է անգամ նշել, որ թանկացումների գլխավոր մեղավորը հենց օլիգարխիայի ախորժակը զսպել չկարողացող իշխանություններն են, ասել է թե՝ նույն Հանրապետական կուսակցությունը: Բոլոր այն կառույցները, որոնք պարտավոր էին կանխարգելել վնասակար երևույթները, չեն աշխատել մինչև այն պահը, երբ այդ մասին հրահանգել է երկրի ղեկավարը:

Մամուլում և հասարակության շրջանում տիրապետող է այն կարծիքը, որ թանկացումները ունեն քաղաքական բնույթ: Կա մտայնություն, որ պարենային այս ճգնաժամը հրահրված է օլիգարխների կողմից. նրանք այդպիսով հետ են կորզում դեռևս 2017թ.-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ծախսած գումարները: Նման կարծիքները հեռու չեն իրականությունից՝ հաշվի առնելով նախորդ հետընտրական նմանօրինակ «ֆոկուսները»: Ինչպես ասում են հայերը, «Տառապանքս փորձ ունի»: Տնտեսական գրագետ քաղաքականությունը հիմնվում է կանխատեսումների և կառավարելի շուկայական հարաբերությունների վրա: Իսկ լավ կառավարիչների կառավարությունը բնակչությանը չի գցում սովի և թշվառության ճիրանների մեջ, հույսը չի դնում շուկայի ինքնակարգավորման վրա, այլ գործնական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Քայլերը չեն ձեռնարկվել, իսկ մեղավորներին դժվար թե գտնեն, առավել ևս պատժեն: Հակառակ դեպքում դա կլինի ինքնախարազանման և ինքնադատաստանի բացառիկ դեպք հայկական քաղաքական իրականության մեջ…

 

Ստելլա Խաչատրյան