Իրաքյան Քրդստանի իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում եզդի փախստականների Շանգալ վերադարձի համար: Հունվարի 16-ին  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը:

«Իրաքյան Քրդստանը անկախության հանրաքվե անցկացրեց ոչ միայն իր սահմաններում, այլ նաև վիճելի տարածքներ համարվող Քիրքուքում և Շանգալում: Քանի որ Շանգալից եզդիներն ամբողջությամբ դատարկված էին, չկար մի եզդի, ով իր ձայնը կբարձրացներ: Հետևաբար, շատ հեշտությամբ Իրաքյան Քրդստանը կարողացավ անկախության հանրաքվեի ժամանակ Շանգալը միացնել իրեն: Սակայն Բաղդադի և Էրբիլի միջև ռազմական գործողությունների արդյունքում Շանգալն այսօր գտնվում է պաշտոնական Իրաքի վերահսկողության ներքո: Այնտեղ այսօր գտնվում են Շանգալի ինքնապաշտպանության ուժերը՝ նաև 5000-հոգիանոց եզդիական ջոկատներով: Շանգալը ներկայում ամբողջությամբ ազատագրված է, սակայն եզդիները, կարծես թե, չեն կարողանում վերադառնալ այնտեղ»,-ասաց Ավդալյանը:

 

Եզդիների ցեղասպանության սկսվելով՝ եզդիները տեղափոխվեցին դեպի Իրաքյան Քրդստանի քաղաքներ: Սակայն ներկայում Իրաքյան Քրդստանի իշխանությունները բավականին խոչընդոտներ են ստեղծում եզդի փախստականների՝ Շանգալ վերադարձի համար: «Նրանք չեն կարողանում այցելել նույնիսկ իրենց մահացած բարեկամների շիրիմներին: Ապրելով Իրաքյան Քրդստանի փախստական ճամբարներում՝ բավականին մեծ խնդիրների՝ հումանիտար աղետի առջև են կանգնած: Ձմռանն ապրում են վրաններում, որոնք դյուրավառ են: Լինում են նաև զոհեր»,-նշեց Ավդալյանը: