Վարչապետ Կարեն Կարապետյանն արձակուրդից վերադառնալուն պես այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: Վարչապետի հետարձակուրդային առաջին հանգրվանը խորհրդանշական է, քանի որ գաղտնիք չէ՝ ի սկզբանե՝ ներհամակարգային զարգացումների տարբեր փուլերում Կարեն Կարապետյանի միակ և ռեալ հենարանը հենց հարկային մարմիններն էին: Ընդամենը օրեր առաջ նախագահ Սարգսյանն ընդունել էր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին և ակնարկել, որ այս կառույցից ակնկալում է ավելի կազմակերպված աշխատանք և մինիմալ միջամտություն բիզնեսին, դրան հաջորդեց Սարգսյանի շտապ խորհրդակցությունը՝ կապված գնաճի զսպման մեխանիզմների որոնման հետ: Խորհրդակցությունը ևս մեկ անգամ վկայեց Սերժ Սարգսյանի անխուսափելի վարչապետության մասին, սակայն այդ հանդիպումը դարձավ հերթական կաթիլն այն անորոշության ջրում, որում կարող է «խեղդվել» Կարեն Կարապետյանը:

 

Այժմ Կարապետյանն այցելում է ՊԵԿ և իր գոհունակությունը հայտնում կառույցի կատարած աշխատանքի վերաբերյալ, ինչն այլ բան, քան Վարդան Հարությունյանի պաշտպանություն՝ չես անվանի: Մյուս կողմից էլ՝ վարչապետը մի ուշագրավ հայտարարություն է անում, ասելով, թե «2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք»` դարձյալ ակնարկելով, որ ապրիլին հեռանալու մտադրություն չունի: Այս տեսանկյունից՝ հասկանալի է, թե ինչու է Կարապետյանը խաղադրույքը կատարում հենց ՊԵԿ-ի վրա: Տիրապետել ՊԵԿ-ին՝ նշանակում է տիրապետել Հայաստանի կապիտալին, դրա շարժերին, անցուդարձին, ինչն էլ իր հերթին՝ նշանակում է տիրապետել հայաստանյան իշխող համակարգին: Այդ իմաստով, ՊԵԿ-ը նույնիսկ յուրօրինակ «ուժային կառույց» է: Իհարկե, հասկանալով այս ամենը, Սարգսյանը նույնպես ձգտում է իր վերահսկողության տիրույթում պահել Վարդան Հարությունյանի կառույցը, ինչն էլ բերում է նախագահի և վարչապետի հեռակա պայքարին: Ապրիլին ընդառաջ ստացվող մեսիջները հուշում են, որ ներհամակարգային պայքարի տեսանկյունից լարվածությունը չի մեղմվելու, քանի որ՝ անգամ եթե Սարգսյանը դառնա վարչապետ՝ Կարեն Կարապետյանը կառավարությունից հեռանալու մտադրություն չունի:

 

Ստելլա Խաչատրյան