«ՀՀ վարչապետի և նախագահի ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումների շուրջ ստեղծված աժիոտաժն ինձ համար անընդունելի է, քանի որ դա բացառապես ՀՀԿ-ի ներքին գործն է: Դա գալիս է ուժերի այն հարաբերակցությունից, որը ձևավորվել է: Ինչ վերաբերում է նախագահի և վարչապետի թեկնածուին, ապա պետք է փաստել՝ անկախ նրանից՝ ով կլինի այդ անձը, միևնույնն է՝ երկրի ամենաազդեցիկ պաշտոնյան մնալու  է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմն աշխատելու է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

 

 

Վերջինիս խոսքով՝ աժիոտաժ կսկսվի արդեն ապրիլի 9-ից հետո, երբ երկրի կառավարման ղեկին կանգնած անձերի անունները պարզ կլինեն, իսկ իշխանության և ընդդիմության ներսում դրանից հետո կսկսվեն նոր զարգացումներ. «Ընդդիմությունն իր ստատուսը պահելու համար ստիպված է լինելու լուրջ քայլերի դիմել, իսկ իշխանության ներսում կսկսվի պայքար հին և նոր կադրերի, կրիմինալ և ավելի ցիվիլ հատվածների վերադասավորումների առումով»:

ԼՈւՐԵՐ.com-ը քաղտեխնոլոգից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ այս տարիների ընթացքում չձևավորվեց մեկ այլ լիդեր, Քոչարյանը պատասխանեց. «Դրա պատճառը ընդդիմադիր դաշտի հետևողական փոշիացումը, իշխանական դաշտի լճացումն ու այն գործիչներրը, որոնք մնացին մինչ այսօր և այդ մառազմատիկներին թվում է, որ իրենք հարատև են»,-ասաց կարեն Քոչարյանը, երկիրը ղեկավարող առաջնորդ այլ լիդեր չունենալու մեջ մեղադրելով նաև հասարակությանը, որն ընտրությունների մասանակցության իր ձևաչափով արդեն ապացուցել է, որ ձայնը վաճառում է կոնկրետ գումարով և այլ պահանջ թեկնածուներից չունի:

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնած բողոքի երթին և նշեց, որ ընդդիմադիր ուժն ընդամենը իրականացնում է իր գործառույթները. «Չեմ բացառում, որ եթե լինի որոշակի ճնշում իշխանությունների վրա, իշխանությունը կգնա որոշակի զիջումների»,-ասաց Քոչարյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ինքը, ի տարբերություն ԵԼՔ-ի երթի, որևէ ակնկալիք և սպասում չունի ընդդեմ թանկացումների անցկացվող խորհրադարանական լսումներից: 

Աղավնի Սուքիասյան