«Ես ինչ-որ մարդու տեսնում եմ, բայց ժամանակը չի, որ արտահայտվեմ»,- այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում, խոսելով նախագահի թեկնածուի մասին, ով նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է լինի անկողմնակալ, անկուսակցական մարդ, նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը:

«Երբ կուսակցությունը քննարկի, այդ ժամանակ կասեմ: Ես այն քաղաքական գործիչն եմ՝ եթե որևէ խոսք ասում եմ, ուրեմն ինչ-որ մասսա կա, կամ քննարկում կա, որ ասում եմ իմ խոսքը», – նշեց նա:

 

Սերժ Սարգսյանը, երբ սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարում էր, թե չի հավակնում նախագահի պաշտոնին, փոփոխությունների կյանքի կոչման դեպքում նաև վարչապետի պաշտոնին, այժմ հանրապետականներդ շրջանառում եք իր անփոխարինելի լինելու փաստը: Ինչո՞ւ եք այդ կերպ փորձում ստիպել նախագահին դրժել իր խոստումը, հարցին ի պատասխան՝ Սահակյանը պատասխանեց.

«Քաղաքականության մեջ անփոխարինելի պաշտոններ չկան: Այս պահին չեմ ուզում անդրադարձ կատարել նույն խնդրին, քանի որ այս պահին քննարկումներ է գնում, թե ով պետք է լինի վարչապետը: Գալուստ Սահակյանը քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում: Ժամանակաշրջանի մեջ մարդ կա, որ այդ գործը կարող է ավելի լավ անել»

Անդրադառնալով Նախագահի թեկնածուի հատկանիշներին վերաբերող հարցին, թե ինչպես կարող է նախագահը լինել անկուսակցական և քաղաքականության մեջ չլինել, Սահակյանը նկատեց.

«Ըստ Սահմանադրության՝ նախագահն անկուսակցական պետք է լինի: Գլոբալ քաղաքականության մեջ՝ կուսակցության անդամ լինելն ուրիշ բան է, իսկ ընդհանուրի մեջ լինելն ուրիշ բան է: Նախագահը որևէ կուսակցության անդամ չի լինելու»,- ասաց Սահակյանը: