Ստամբուլում մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեջ մեղադրվող անձը՝ 24-ամյա Մ. Մ.-ն, ում թուրքական լրատվամիջոցները ներկայացրել էին որպես Հայաստանի քաղաքացի, իրականում Թուրքիայի քաղաքացի է: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Թուրքիայում պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեղադրանքով ձերբակալված հայը Հայաստանի քաղաքացի չէ, Թուրքիայի քաղաքացի է»,- հայտնեց Բալայանը:

Թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման համար: Դատախազությունը մանկական պոռնոգրաֆիկ նյութերը համացանցից ներբեռնելու, պահեստավորելու և դրանք տարածելու համար Մ. Մ.-ի դեմ մեղադրանք է առաջադրել, նա կալանավորվել է: Նշվում էր, թե կալանավորվածը սովորում է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում: