ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այն համոզման է, որ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը կախված է այն ապրանքային հոսքերից, որը հնարավոր է այդ ճանապարհով իրականացնել: Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պաևտգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցերին. «Ես կարծում եմ, որ Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելը ինքնանպատակ չէ, մանավանդ, որ այդ տրանսպորտային ուղու տեղափոխումը, ծավալներից ելնելով, կարող է այնպիսին լինել, որ լրացուցիչ ծավալ չգա, և այդ բիզնեսը ծախսափակ չլինի։ Մենք այդ հարցին կանդրադառնանք այն ժամանակ, երբ ակտիվացնենք այդ շուկան»,- ասաց վարչապետը։

Վերջինիս խոսքով՝ 10 ամսվա ընթացքում Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 62.5 մլն ԱՄՆ դոլար։

«Իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման չնչին աճ՝ 9-10 տոկոս։ Իրանական գործընկերների հետ խոսել ենք, որ շատ անելիքներ ունենք այս առումով և թռիչքային աճ ապահովելու հարցում մեծ պոտենցիալ ունենք», - հայտարարեց վարչապետը։

 

Պատգամավոր Վահե Էնֆիաջյանը շարունակեց վարչապետից հետաքրքրվել՝ ինչու են անկատար մնում Իրանի հետ Հայաստանի բազմաթիվ մեր ծրագրերը, ինչի մասին բարձրաձայնում են իրանական կողմից մեր գործընկերները: 

Հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց. «Որպեսզի ես մեր իրականական գործընկերներին չբնութագրեմ, կոնկրետ ծրագիր բերեք, թող իրանական կողմից ասեն, թե հայկական կողմը ինչով է խոչընդոտում՝ առարկայական խոսենք»: