Կառավարության հունվարի 18-ի նիստին գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանն անդրադարձավ տարիներ շարունակ չվճարված, կուտակված հարկերին, տուրքերին և այլ վճարներին:

Ըստ վարչապետի՝ հարկերի և տուրքերի հավաքագրման ընթացքում առկա են խնդիրներ, որոնք էլ բերել են զգալի տույժ-տուգանքների ավելացման:

Վարչապետը նշեց՝ հաշվի առնելով, որ այս գումարների հավաքագրման խնդիրներն ամբողջական լուծումներ չեն ստացել, ուստի անհրաժեշտ է մշակել նոր գործիքակազմ՝ կուտակված գումարները հավաքագրելու ուղղությամբ:

Ելնելով վերոգրյալից՝ Կարապետյանը հանձնրարեց Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարներին, ՊԵԿ ղեկավարին և ՀՀ մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի և այլ վճարումների հետ կապված պարտավորությունների կատարման առաջարկություններ, ինչպես նաև նմնան դեպքերից խուսափելու համար կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնել:

ՀՀ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկեց՝ քաղաքապետարանին էլ ավելացնել այս ցանկում, քանի որ իրենք նույնպես նման խնդիր ունեն:

«Մենք պետք է մեկ անգամ ֆունդամենտալ լուծենք այս խնդիրը, պետք է սկսենք նոր էջից, որի համար նաև համարձակ լուծումներ են պետք»,-ասաց Կարապետյանը՝ Երևանի քաղաքապետարանին ևս ավելացնելով իր նշած գերատեսչությունների շարքում: