Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեում առայժմ չեն մեկնաբանում երկրի արեւմուտքի ավտոճանապարհներից մեկում ավտոբուսի բռնկմանպատճառները, ինչի հետեւանքով զոհվել են Ուզբեկստանի 52 քաղաքացիներ: Ընդսմին, նախնական տեղեկատվության համաձայն, ավտոբուսն ուղեւորվում էր Ռուսաստան: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը:

«Առայժմ մենք ոչ մի վարկած չենք դիտարկում: Այդ կապակցությամբ ոչ մի մեկնաբանություն առայժմ չկա»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե կարող էր արդյոք ավտոբուսի բռնկման պատճառը լինել հրկիզումը կամ պայթյունը: Ինչպես արդեն տեղեկացվել է, Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով:

 

«Նախնական տվյալներով՝ տուժել է 57 մարդ: 52 մարդ զոհվել է, հինգին հաջողվել է դուրս պրծնել այրվող ավտոբուսից: Ավտոբուսի բռնկումը տեղի է ունեցել Սամարա--Շիմքենտ ատվոմայրուղում՝ Կալիբայ ավանից 10 կմ, Աթոբայից 320 կմ հեռավորության վրա»,- ասված է «Ղազինֆորմ»-ի հաղորդագրության մեջ:

Հրդեհի վայր են ուղարկվել աղետների բժշկության կենտրոնի, Իրգիզի շրջանի հրշեջ ծառայության աշխատակիցներ: Արտակարգ իրավիճակների դեպարտամենտում օպերատիվ շտաբ է կազմակերպվել մարզի ակիմի տեղակալի ղեկավարությամբ, գործում է հոգեբանական ծառայության թեժ գիծը: