Կառավարությունը հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել առողջապահության ոլորտի իրավական ակտերի և ՀՀ սահմանադրության դրույթների միջև առկա հակասությունները, սահմանել անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը, օրենքով կարգավորել Համընդհանուր լաբորատոր ցանցի վերաբերյալ հարաբերությունները:

«Նախագծով առաջարկվում է գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով՝ սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը»,-ասաց Ալթունյանը: