Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում առաջընթացի հասնելու համար առաջին հերթին հարկավոր է կյանքի կոչել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Առանց այդ պայմանավորվածությունների իրականացման անհնար է ակնկալել լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում»,-   նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ցավով ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի նախարարների հանդիպումներից առաջ Արցախի պաշտպանական դիրքերի, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներն ադրբեջանական կողմի համար տխուր ավանդույթ են դարձել: Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների: «Այդ երկիրը մի բան ասում է հանդիպումների ժամանակ, այլ վարքագիծ է դրսևորում հանդիպումներից հետո»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: