«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Հիշեցնենք' Մանուկյանը համարվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամներից եւ նախարար դարձավ կառավարության փոփոխությունից հետո' 2016թ. հոկտեմբերին: Այս հրաժարականը որքան էլ սպասելի էր, միաժամանակ կարելի է վաղաժամ համարել: Սպասելի էր, որովհետեւ, ըստ շրջանառվող լուրերի, այդ նախարարությունն իրականում ղեկավարում է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը, իսկ Մանուկյանը մղված էր երկրորդ պլան, եւ այդ պատճառով նրանց մեջ հակասությունները գնալով խորանում էին:

Ակնհայտ էր, որ Մանուկյանն այս ընթացքում այդպես էլ իրեն չէր զգում «սեփական ափսեի մեջ», չկարողացավ ինքնադրսեւորվել: Համենայն դեպս, պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Մանուկյանը, գլխավորելով երկրի համար առանցքային ոլորտներից մեկը, այդպես էլ ոչնչով աչքի չընկավ. անգամ հրապարակային միջոցառումներին նրա մասնակցությունն էր աննկատ:

Միաժամանակ այս հրաժարականը վաղաժամ էր, որովհետեւ սպասվում էր՝ Կարեն Կարապետյանի մերձավոր նախարարներն իրենց պորտֆելին հրաժեշտ են տալու այս տարվա ապրիլին, երբ նոր Սահմանադրության պայմաններում ձեւավորվի նոր կառավարությունը: Բայց հավանաբար Մանուկյանի համբերության բաժակը լցվել է, եւ նա որոշել է գնալ «Տաշիր գրուպ»-ում բարձր պաշտոնի:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ' նախարարը հրաժարականի դիմում վարչապետին ներկայացրել է ավելի վաղ՝ Ամանորից առաջ, այդ մասին նաեւ ասել աշխատակիցներին: Սակայն հետո աշխատանքի է եկել եւ ասել, որ վարչապետի խնդրանքով է շարունակում պաշտոնավարումը: Հավանաբար վարչապետի փեսա Հայկ Հարությունյանն էլ ստանձնելու է նախարարի պաշտոնը, եթե որեւէ բան չփոխվի իշխանական կուլիսներում առկա տրամադրությունների մեջ: Թեեւ Հայկ Հարությունյանը երեկ հերքել է այս տեղեկությունը:

Ավելի մանրամասն' «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: