ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած՝ հանրապետության նախագահի թեկնածուի անունը: ՀՀԿ թեկնածուն Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ (1996-1997) Արմեն Սարգսյանն է: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ընտրությունը ի վերջո կանգ առավ նախկին վարչապետի թեկնածության վրա: Արդյո՞ք Արմեն Սարգսյանն այն մարդն է, ով կարող է ընտրվել նախագահ, ստանալով ԱԺ ընդարձակ մեծամասնության աջակցությունը: 1996թ. նոյեմբերին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս և 1997թ. փետրվարին լքեց պաշտոնը: Կա համոզմունք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր, որն, ըստ տարածված խոսակցությունների՝ ապտակել էր այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանին, վերջինս էլ խռոված հեռացել էր հայրենիքից:
 
Պաշտոնապես հայտնեցին, թե Արմեն Սարգսյանը թողեց պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով: Սարգսյանը նաև մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել միջազգային մի շարք ընկերություններում՝ British Petrօleum, Alcatel, Telefonica և այլն՝ որպես խորհրդատու: Արմեն Սարգսյանի թեկնածությունը ակտուալ է, եթե գործող նախագահը բավարարված չէ այսօրվա դասավորությամբ և ուզում է խաղի մեջ մտցնել նոր գործոն: Քանզի ի տարբերություն այս օրերին մամուլում շրրանառվող թեկնածուների, Արմեն Սարգսյանը պոտենցիալ լուրջ խաղացող կարող է դառնալ ապագայում: Նախ՝ նա մեծահարուստ է, ինչը լուրջ գործոն է ներկայիս Հայաստանում: Երկրորդը՝ նա մեծ ազդեցություն ունի դրսում, ակտիվ կապի օղակի դեր է կատարել Ղազախստանի և դրսի իր գործնկերների հետ: Նրան ճանաչում են նաև սփյուռքում: Վերջապես, նրա նախագահ դառնալը կարող է դրական ընկալվել նաև Արևմուտքում: 
 
Սերժ Սարգսյանն ընտրություն անելիս ժամանակ առ ժամանակ կանգ է առնում իբր Հայաստանի քաղաքական կյանքում քիչ աղտոտված, չվարկաբեկված ֆիգուրների վրա: Կարեն Կարապետյանն այդ քաղաքականության վառ օրինակն է: Սակայն այսօր Կարապետյանի վարկանիշը օր օրի նվազում է. Նա մնա՞ց չվարկաբեկված: Իհարկե ոչ: Իսկ կստացվի՞ դա Արմեն Սարգսյանի մոտ: Վերջինս, ի դեպ, դեռ չի ընդունել նախագահի առաջարկը: Իշխանությունները Սարգսյանի նշանակումը կարող են ներկայացնել որպես հասարակությանը ընդառաջ գնալու հերթական քայլ, հանրային տրամադրությունները բավարարող որոշում, ինչպես եղավ Կարեն Կարապետյանի դեպքում: Կարծիքներ են հնչում, որ դեսպան Սարգսյանն ունի վերոնշյալ մտավախությունը և հենց այդ պատճառով է մտածելու համար որոշակի ժամանակ խնդրել: Մինչդեռ, դժվար է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 է հրավիրել դեսպանին, առանց հաշվի առնելու նման զարգացումների հավանականությունը: Արմեն Սարգսյանը չմերժեց, սակայն ցանկություն հայտնեց հանդիպել հանրության լայն շրջանակների, մտավորականության, քաղաքական ուժերի և սփյուռքը ներկայացնող կառույցների ներկայացուցիչների հետ: Դա ավելի քան տրամաբանական է, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի ցանկությունը՝ նախագահի թեկնածությունն անցկացնել ընդարձակ մեծամասնությամբ: Մի քանի օր մտորելուց հետո Արմեն Սարգսյանը կհայտարարի, որ ընդունում է նախագահի առաջարկը, քանի որ ստացել է քաղաքական ուժերի, սփյուռքի, հանրության վստահության քվեն: Այս ամենը շատ նուրբ խաղարկված կոմբինացիա է՝ ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար: Միևնույն ժամանակ, տպավորություն է ստեղծվում, որ որոշումը Սերժ Սարգսյանը միանձնյա չի կայացրել: Հանգամանք, որում կասկածելու լուրջ հիմքեր են առկա: Այլ հարց է, թե ով է լինելու Արմեն Սարգսյանը ներքաղաքական ներկապնակում՝ «Անգլիական թագուհի՞», թե՞ դրսից բերված նոր օլիգարխ…
 
 
Ստելլա Խաչատրյան