Կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն այս տարին սկսեց գնաճի թեմայով: Ի հեճուկս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պնդում են, թե Հայաստանում գնաճի մակարդակն ընդամենը 2.6 տոկոս է, եւ սա շատ ցածր մակարդակ է, Սերժ Սարգսյանը, կարծես թե, ուրիշ համոզման է: Երեկ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող փոփոխություններին:

 

Աշխարհում գնաճի դեմ պայքարելու ամենաարդյունավետ մեխանիզմը վաղուց գտնված է՝ դա առողջ տնտեսական մրցակցությունն է, որի արդյունքում գոյանում է տվյալ ապրանքի հնարավոր նվազագույն գինը: Երբ կա շահերի բախում և սպառող չկորցնելու շատ լուրջ պայքար, ապա որքան էլ ագահ լինի տնտեսվարողը, գները ստիպված է լինելու իջեցնել, հակառակ պարագայում՝ գնորդը պարզապես երես կթեքի նրանից, և բիզնեսն ի վերջո կտապալավի: Հայաստանում այդպես չէ, հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է առաջին սպառման մի շարք ապրանքներին:

Օրինակ՝ շաքարավազի, բենզինի, թռչնամսի և բանանի ներկրման շուկաներում նման խնդիր չի կարող լինել, որովհետև այդ շուկաներում կան խոշոր խաղացողներ, ովքեր զբաղեցնում են այդ շուկաների գրեթե 100 տոկոսը: Հետևաբար, նրանք իրավունք ունեն սրտի ուզածի չափ ագահ լինել, և որևէ մեկը նրանց ագահությունը ստուգելու իրավական մեխանիզմ կամ հնարավորություն չունի, չնայած որ՝ կա հատուկ այս նպատակով ստեղծված պետական մարմին՝ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով, որը պարտավոր է ստուգել և պարզել, թե արդյո՞ք տնտեսվարողը գերիշխող դիրքի չարաշահում թույլ չի տվել: Բայց կյանքը ցույց է տվել, որ այդ հանձնաժողովի տված արդյունքը թղթի վրա գրված հայտարարություններից այն կողմ չի անցնում, և Սերժ Սարգսյանն այդ մասին շատ լավ գիտի: Մրցակցությունն այն ամենակարեւոր թեմաներից է, որն այսօր հետաքրքրում է առաջին հերթին գործարար աշխարհին: Եվ առաջիկայում վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ Սերժ Սարգսյանը փորձում է դրական մեսիջներ ուղարկել: Այլ կերպ ասած՝ «կտեր է տալիս»: Ոմանք, իհարկե, կուտեն այդ խայծը: Բայց մրցակցության խթանման մասին Սերժ Սարգսյանի ինտենսիվ ելույթները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ: Իրական մրցակցության հաստատման պարագայում Սերժ Սարգսյանի հովանավորյալ «տնտեսվարողները» ժամանակի ընթացքում ուղղակի դուրս կշպրտվեն շուկաներից, քանի որ սովոր չեն մրցակցության պայմաններում «աշխատել»: Հետևաբար, մրցակցության խթանման մասին ցանկացած հիշատակում ոչ միայն ֆիկցիա է, այլ նաև վտանգավոր՝ իշխող քաղաքական ուժի համար:

 

 

Ստելլա Խաչատրյան