Սիրիայում անվտանգության ուժերը, որոնց պատրաստությունն իրականացնում է ԱՄՆ-ն, վտանգ չեն ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության աշխատակիցը, որը հանդես է եկել Վաշինգտոնում հատուկ ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ խոսքն ինչ-որ սահմանապահ ուժերի մասին չէ, այլ «ներքին անվտանգության ուժերի», որոնք Սիրիայում աջակցություն են տրամադրում գրոհայիններից ազատագրված շրջաններում:

«Մենք աշխատում ենք օգնության տրամադրման, ներքին անվտանգության ուժերի պատրաստության ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ դա «վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար»: Պետքարտուղարության աշխատակիցն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել Անկարայի հետ խորհրդակցություններն այդ հարցի առնչությամբ: