Թանկացումների դեմ երթը «Ելք»-ը սկսել է «բրդվող» մեքենայով: Մեքենան խորհրդանշում է Հայաստանի ներկայիս տնտեսությունը՝ նաև խորհրդանշելով գազի գնի թանկացումը: Երթին մոտ հազար մարդ է մասնակցել, ինչը ինքնին խոսուն վկայությունն է այն բանի, որ մի կողմից «Ելք»-ին դեռևս չի հաջողվում գեներացնել առնվազն իր ընտրազանգվածը և ծառայեցնել այն քաղաքական խնդիրների լուծմանը: Մի կողմից բնական պրոցեսի ենք ականատես լինում՝ ընդդիմադիր ուժը, որը հավակնություններ ունի լինել ամենաընդդիմադիրը, փորձում է մինչև մյուս համապետական ընտրությունները ձեռք բերել ամենաուժեղ և երևի թե միակ գործունյա ընդդիմադիր ուժի ստատուսը: Փորձում է ցանկացած առիթ օգտագործել՝ իր այդ կարգավիճակը շեշտելու համար: Մյուս կողմից՝ հասարակությունը շարունակում է բավականին անտարբեր մնալ: Պետք չէ խաբվել Facebook–յան կամ սոցիալական ցանցերում առկա որոշակի ակտիվությանը, որովհետև Facebook–ի առնվազն հայկական սեգմենտն իսկապես վիրտուալ է: Այն շատ դեպքերում որևէ աղերս չունի իրական կյանքի հետ: Հայ հասարակության մոտ դեռ ձևավորված չէ սոցիալական բողոքի կազմակերպման փորձ և մշակույթ: Եթե վառելիքն այդ չափով թանկանար, ասենք, Ֆրանսիայում, ապա հաստատ փողոց դուրս կգար մեկ միլիոն մարդ, եւ կառավարությունը ստիպված կլիներ մտածել, թե ինչպես կարելի է մեղմել գնաճը: Մարդիկ կազմակերպվում են, որովհետեւ նրանք իրենց զգում են ոչ միայն «ազգի զավակներ», այլեւ առաջին հերթին՝ քաղաքացիներ:
 
Մինչդեռ Հայաստանում, սոցիալական հողի վրա դժգոհությունն այնքան անհեթեթ ու անվտանգ է իշխանությունների համար, որ նրանք իրենց անգամ նեղություն չեն տալիս հարցին լուրջ վերաբերվել։ Հետաքրքիր է, թե ո՞ր հարցերն են հատկապես գաղափարական համարվում իշխանության համար, և այդ ո՞ր ընդդիմադիր ուժն է գաղափարական կոչեր անողն՝ ըստ իրենց. ա՞յն ուժը, որը միայն ազգային գաղափարական հարցեր բարձրաձայնելու ժամանակ է ակտիվանում, ա՞յն ուժը, որը խոսում է բոլոր հնարավոր թերություններից, բայց ազգային հարցերը բարձրաձայնելու և դրանք պաշտպանելու ժամանակը գալուն պես տուն է գնում, թե՞ մշտապես «դհոլություն» անող և իրենց կշիռը կորցրած անհատները։
 
 Նրանց պատկերացրած գաղափարական կոչեր անող ընդդիմություններն իրականում մի գործառույթ են շատ լավ իրականացնում՝ մինչև վերջ հիասթափեցնում են ժողովրդին։ Այսպիսով առաջանում է քաղաքական ապատիա (քաղաքական անտարբերության)։ Քաղաքական անտարբերությամբ տառապող հասարակությունն ամենամեծ վտանգն է պետության համար, քանի որ դա հասարակությանն անտարբեր է դարձնում նաև ազգային և ընդհանրապես բոլոր պետական ու հասարակական խնդիրների նկատմամբ, իսկ նման շռայլություն իրեն թույլ տալու հնարավորություն Հայաստանն այսօր չունի։
 
Երեկվա երթի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իրենց հաջորդ երթը լինելու է փետրվարի 5-ին, որն ունենալու է կոնկրետ նպատակ ու պահանջ: Ակնհայտ է մի բան, որը «Ելք»-ի գործը անչափ պատասխանատու է թեկուզ ՝ վերոնշյալ ապատիան չխորացնելու տեսանկյունից: Մնում է հուսալ, որ ընդիմադիր ուժը փետրվարի 5-ին ավելի առարկայական պահանջներ առաջ կքաշի, որովհետև հակառակ դեպքում իշխանությունը, ինչպիսին էլ այն որակենք, անչափ մեծ առավելություն կստանա, առանց այն էլ հեղհեղուկ վիճակում գտնվող ընդիմադիր դաշտի նկատմամբ:
 
Ստելլա Խաչատրյան