Սպանություն պատվիրելու կասկածանքով ձերբակալված Ալավերդցի Վահագն Աբգարյանին այսօր՝ հունվարի 20-ին, մեղադրանք է առաջադրվել: NEWS.am-ը ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ նախաքննության արդյունքում տվյալներ են ձեռքբերվել Ալավերդի քաղաքի բնակչի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, Կ. Փիրուզյանի սպանությունը, Ալավերդի քաղաքի մեկ այլ բնակչի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու վերաբերյալ։ Քրեական գործով այսօր առաջադրվել են մեղադրանքներ։

Նախնական քննության տվյալներով՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Վերջինների միջոցով նախապատրաստվել եւ իրականացվել են մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։

Մասնավորապես՝ 2017 թվականի հունիսին կազմակերպվել եւ իրականացվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ այդպիսով վրեժխնդիր լինելով Կ.Փիրուզյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի կողմից Վ.Աբգարյանի մտերիմներ Էդ.Պողոսյանի եւ Վ.Ավագյանի սպանության համար։ Կ.Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է նույն քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետեւել է նրա տեղաշարժին եւ հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել Փիրուզյանի ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Բացի այդ, պարզվել է, որ 2017 թվականին նոյեմբերին կազմակերպվել է նաեւ Ալավերդի քաղաքի բնակիչ Ռ.Մոսինյանի սպանությունը, որի նախապատրաստությունն իրականացրել է հանցավոր համագործակցության մեկ այլ անդամ, ինչը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում։

Կատարված քննությամբ պարզվել է հանցավոր համագործակցության անդամներից 4-ի ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ.Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով) եւ Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով)։

Ալավերդի քաղաքի բնակիչներ Ա.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագորցակցությանը մասնակցելու, Կ.Փիրուզյանի սպանության եւ Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության կազմակերմանն օժանդակելու, Ա.Հարությունյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության, Մ.Ռամազյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու համար։ Քննիչն այսօր միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նշենք, որ Կ. Փիրուզյանի սպանության համար ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին։

Նախաքննությունը շարունակվում է, եւ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցավոր համագործակցության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները բացահայտելու ուղղությամբ։