Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հետ դեռ չեն հանդիպել, բայց պատրաստվում են. «Մենք նրան կներկայացնենք Հայաստանում տիրող իրավիճակը: Եթե այդքանից հետո էլ նա ցանկանա դառնալ Հայաստանի նախագահ, չեմ պատկերացնում, ոչինչ անել չենք կարող»:

Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ եթե Հանրապետականը վստահ է, որ Արմեն Սարգսյանը շատ առումներով գերադասելի թեկնածու է ու ցանկացած այլ թեկնածություն մրցակցությունից դուրս է, ապա Հանրապետականը կարող է Արտակ Զեյնալյանի առաջադրման համար պակասող 18 ստորագրությունն ինքն ապահովել՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ ու բանավեճեր ծավալելու։

Ըստ ճեպազրույցի մասնակից ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի՝ իրենց հանդիպումը ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ մեծ հաշվով ԵԼՔ-ի քվեարկության վրա չի անդրադառնա։ «ԵԼՔ-ն իր սեփական թեկնածուին է փորձել առաջադրել, թեև ֆորմալ առումով դա չստացվեց, որովհետև անհրաժեշտ ձայների համար ստորագրություն չհավաքվեց, բայց ԵԼՔ-ը պիտի շարունակի իր թեկնածուի վերաբերյալ քարոզչությունը», - նշեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի հետ կապված ծանր բեռը չի կիսում ու նրա անունը չի կապվում ՀՀԿ-ի անվան շուրջ եղած սկանդալների հետ, բայց Արմեն Սարգսյանը ՀՀԿ առաջադրած թեկնածուն է, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է։