Վերաքննիչ դատարանում քիչ առաջ մեկնարկեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով Վերաքննիչ դատարան բողոքի նիստը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ:

Ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել, որպեսզի Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվի և կայացվի արդարացման դատական ակտ:

 

Նիստի ընթացքում Սամվել Բաբայանն ասաց, որ առաջին ատյանի դատական ակտը ստացել է և ընդգծեց, որ առաջին ատյանը սխալ է ներկայացրել իր կենսագրությունը, հոդվածները, կոչումները՝ դրանք որակելով սուտ: 

Հիշեցնենք՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեղադրանքը հաստատված էր համարել և Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Նկատենք, որ մեղադրող դատախազ Արամ Արամյանը դատարանին միջնորդել էր նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման: Սակայն Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը իր պաշտպանական ճառում չէր ընդունել մեղադրանքը, եւ այն համարելով անհիմն՝ պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին:

Հավելենք՝ Սամվել Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: