ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծիք է հայտնել, որ մեր երկրում որևէ սարսափելի գնաճ չկա: Ըստ նրա՝ դա է վկայում գնաճի դեմ պայքարը, որն արտահայտվեց ԵԼՔ դաշինքի կազմակերպած երթով, երբ հասարակության աջակցության չափը, ծավալները բավականին փոքր էին:: Ընդ որում, ըստ Վարդանյանի՝ կանաչ «ջորի» բրդելը, ինչով զբաղված էր ԵԼՔ-ը իր երթի ընթացքում, ամենևին էլ կրեատիվ քայլ չէր:

Դժվար է ասել, թե ինչ կրեատիվ քայլով է աչքի ընկել ինքը ՀՅԴ-ն այս երկար ու ձիգ տարիների ընթացքում, սակայն մի բան ակնհայտ է՝ այսօր ներքաղաքական կյանքում ՀՅԴ-ն ինքն է վերածվել «ջորու», որին բրդում են, ընդ որում՝ բրդողն էլ քաջ հայտնի է: Այդ բրդելու արդյունքում ՀՅԴ-ն հայտնվել է խորհրդարանում և այսօր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարն իրեն թույլ է տալիս կարծիք արտահայտել, որ կարտոֆիլը կառավարությունը չի թանկացրել, գյուղացին է թանկացրել: Ինչ խոսք, դարակազմիկ միտք է: Շաբաթներ առաջ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հանձնաժողովը հանդես էր եկել անչափ հուզիչ վերլուծությունների շարքով, որում բենզինի, շաքարավազի և կարագի շուկաներում առկա թանկացումը պայմանավորել էր մենաշնորհների առկայությամբ, ասել է թե՝ կառավարության աշխատանքի անարդյունավետությամբ: Իսկ երբ խոսքը գնում է ոչ թե ՀՀԿ-ական օլիգարխների կողմից ներկրվող ապրանքների, այլ հայ գյուղացու ցանած և աճեցրած կարտոֆիլի մասին՝ մեղավոր է գյուղացին: Եվ ըստ Վարդանյանի տրամաբանության՝ խեղդվողի փրկության գործը միայն ու միայն խեղդվողի ձեռքում է:

 

Դաշնակները վերջերս խիստ յուրահատուկ մոտեցում ունեն կառավարության ներկա գործունեության գնահատման հարցում: Որքան էլ ՀՅԴ-ն պնդի, թե անաչառ է, հազիվ թե գտնվեն այնպիսի միամիտներ, որոնք կհավատան դաշնակներին:Օրերս էլ անկեղծությամբ աչքի է ընկել ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ով բացահայտեց իր կուսակցության սկզբունքայնության ու ազնվության իրական դեմքը, երբ լրագրողի հարցին պատասխանելիս խոստովանեց. «Քանի դեռ ՀՅԴ-ն կոալիցիայում է, ինքն էլ պաշտոնավարում է` հիմք չի տեսնում դժգոհել կառավարության գործունեությունից»:

 

Ստելլա Խաչատրյան