Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի (ՄՏՍ Հայաստան ՓԲ ընկերություն) բաժնետոմսերի օտարումը ոչ մի փոփոխության չի հանգեցնի: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ընկերության Իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը: «Ըստ էության ոչ մի բան չի փոխվում, համամասնությունը ինչպես եղել է, այդպես էլ պահպանվում է: Կառավարման շղթայում ոչ պետքական օղակը դուրս է գալիս, որից մենք ակնկալում ենք կառավարման ավելի արդյունավետություն: Հայաստանում ոչ մի փոփոխություն չի արվելու»,-ասաց Արմինե Սարգսյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲ ընկերություն) նախօրեին տեղեկացրել էր, որ օպտիմալ կառավարման նպատակով փոփոխություն է տեղի ունենում միայն ընկերության բաժնետերերի շղթայում: «Մասնավորապես՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 99.99 տոկոսը պատկանում էր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ 0.01 տոկոսը՝ Պավել Մաշարովին ու Արտյոմ Վասիլևին, հանդիսանալով միջանկյալ օղակ, պարզապես հանվել է բաժնետերերի շղթայից՝ այդպիսով ապահովելով փաստացի բաժնետերերի հետ առավել արդյունավետ աշխատանքի կազմակերպման հնարավորություն: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընկերության փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80 տոկոսը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20 տոկոսը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 24-ի նիստում համաձայնություն տվեց «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը օտարելու մասին որոշման նախագծին: Նախագծով սահմանված է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 99.99 տոկոս բաժնետոմսերը վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99.99 տոկոս բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ մնացած 0.01 տոկոս բաժնետոմսերը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին հավասարաչափ օտարելուն, Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին օտարված «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանն օտարելուն: