«Հրապարակ» թերթը գրում է.

«Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատուն հարցում էինք հղել այն մասին, թե արդյոք դեսպան Արմեն Սարգսյանի որդիները ծառայե՞լ են ՀՀ ԶՈՒ-ում, ինչպես նաեւ լրացուցիչ մի քանի այլ հարցեր: Երեկ դեսպանատնից պատասխան ենք ստացել, որում ասվում է, թե մեր հարցումը «չի առնչվում դեսպանության գործունեությանը, եւ, հետեւաբար, այն փոխանցվելու է Արմեն Սարգսյանի երեւանյան գրասենյակ, որը, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կսկսի առաջիկա օրերին»։

Դեսպանատնից հայտնել են նաեւ, որ Ա. Սարգսյանը ներկայումս գտնվում է արձակուրդում։ Նշենք, որ նա Լոնդոն է վերադարձել հունվարի 22-ին, որտեղ նախապես պլանավորված հանդիպումներ ուներ: Սարգսյանը Հայաստան կվերադառնա, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա վերջին:

ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Ա. Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգում է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա Ա. Սարգսյանի հետ աշխատել է դեռեւս 1996-ին՝ նրա վարչապետության օրոք: Հ. Պետրոսյանը երկար տարիներ ղեկավարել է նաեւ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի՝ լրատվամիջոցների եւ հանրության հետ կապերը: Ակնկալում ենք, որ դեսպանատան կողմից Արմեն Սարգսյանի երեւանյան գրասենյակ փոխանցված մեր հարցման պատասխանը կստանանք օրենքով սահմանված ժամկետում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում