Բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգում է՝  «Լիդիան» ընկերությունը պարզապես գնել է Ամուլսարի շրջակա բնակավայրերի բնակիչներին և դա է պատճառը, որ գիտակցելով հանդերձ ցիանիդի մահացու ազդեցությունը մարդկային կյանքի և էկոմիջավայրի վրա, նրանք լռելյայն համաձայնել են, որ այդ ընկերությունը շարունակի իր վտանգավոր գործունեությունը․ «Բնապահպաններով երբ գնացել էինք ընկերության ներկայացուցիչների և Ամուլսարի շրջակա միջավայրում ապրող բնակիչների հետ հանդիպմանը, ակնհայտ էր, որ բնակիչներին ոչ թե ցիանիդն էր հետաքրքրում, այլ այն, թե իրենց ինչքան գումար են հատկացնելու և իրենք ինչքան գումար են աշխատելու ոսկու հանքի շահագործումով։ Պարզ է չէ՝ ինչ թվեր է տվել «Լիդիան» ընկերությունը այդ տարածքի ժողովրդին: Վստահ եմ՝ այստեղ նույն Թեղուտի պատմությունն է կրկնվում»,-ասաց Ադամյանը։ 

 

Վերջինիս խոսքով՝ Ամուլսարի շահագործումն այն եղանակով, ինչով անում է «Լիդիան» ընկերությունը, խիստ վտանգավոր է նաև Սևանա լճի համար․ «Ստեղծվել է փորձագիտական խումբ և փորձագետները տեսնում են, որ Սևանին ևս վտանգ է սպառնում, և մոտ ժամանակներս պատրաստ կլինի փորձագիտական եզրակացությունը։ Այս գործին պետք է խառնվի Կառավարությունը, հակառակ պարագայում՝  Ամուլսարի շահագործումը դանդաղ գործող ռումբ է Հայաստանում. այն զրոյին կհավասարեցնի Ջերմուկը և կհասնի մինչև Սևան»:

Բնապահպանից ԼՈւՐԵՐ.com-ը հետաքրքվեց՝ բնապահպան ակտիվստներն ինչ կերպ են պատկերացնում այս հարցում իրենց և Կառավարության համագործակցությունը։ Սիլվա Ադամյանը նշեց, որ որոշ ժամանակ առաջ ինքն այս հարցով հանդիպում ունեցել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն այդ հանդիպումից հետո որևէ տեղաշարժ այս հարցում դեռևս չկա․ «Կառավարությունը և իշխանություններն առհասարակ, հասկանում են Ամուլսարի շահագործման բացասական հետևանքները, սակայն Ամուլսարի խնդրին Կառավարությունը չի ուզում անդրադառնալ, քանի որ այստեղ շատ մեծ փողի չափի մասին է խոսքը գնում։ Կառավարությունից նշում են, որ եթե դադարեցնեն հանքի շահագործումն, ընկերությունն իրենց դատի կտա, չէ՞ որ այդ գումարները հետ տալու խնդիր է առաջանալու»։

Սիլվա Ադամյանը նաև հավելեց, որ Ամուլսարի ծրագիրը զուտ քաղաքական է և դրանում իր մեծ մասնակցությունն ունի ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը։

Աղավնի Սուքիասյան