Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆայսալ Մեքդադը նշել է, որ թուրքական ռեժիմի կողմից իրականացվող հարձակումներին պատասխանելու համար անհրաժեշտ տեխնիկան բերված է պատրաստի վիճակի:

Այս մասին հայտնում է թուրքական T24 լրատվականը:

 

Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» գործողությունը բնութագրել է որպես օկուպացիոն գործողություն և նշել, որ իրենք պատրաստվում են կասեցնել այն:

«Թուրքիայի գործողությունները բացահայտ հարձակում են՝  ուղղված Սիրիայի ինքնիշխանության դեմ»,- ասել է Ֆայսալ Մեքդադը:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ: