Քիչ առաջ «Ազատության» հրապարակում կինոռեժիսոր, «Սարդարապատ» միության անդամ Տիգրան Խզմալյանն իր ելույթի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանի դիմեց «Մեծարգո պարոն նախագահ» արտահայտությամբ:

«Այս պայքարը Րաֆֆու կամ Սերժի պայքարը չէ: Ի՞նչ է' չգիտեի՞նք մենք, որ իրենք կեղծելու են' գիտեինք, բայց իրենք համզոված էին, որ 15-20 տարվա մեջ մենք ստրուկ էինք դարձել, և չարաչար սխալվեցին: Մենք ստրուկ չենք, և իրենք ամենից շատ վախենում էին մեր ազատությունից, ազատատենչությունից»,- ասաց Տ. Խզմալյանը, ում խոսքով' երկիր գողեր են մտել, որոնց պետք է հեռացնել, և պայքարը չպետք է թողնել միայն Րաֆֆու ուսերին, քանի որ այդ պայքարը բոլորի պայքարն է:

«Իշխանությունը նաև օրենսդիր և դատական թևերն են, և պետք է անմիջապես հարված հասցնել իրենց համակարգին, խարխլել այդ համակարգը: Իշխանությունը 4 ոտքի վրա է կանգնած, որոնցից մեկն ընդդիմությունն է: Ուրեմն, եթե Ազգային ժողով կոչված մկների ժողովից դուրս գա հենց հիմա ընդդիմադիր համարող ուժը, եթե այնտեղից արհամարհելով դուրս գա «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ո՞վ է մնալու այնտեղ: Մնալու է մկների ժողովը»,- նշեց կինոռեժիսորը' ավելացնելով, որ պայքարը լինելու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ, քանի որ Հայաստանը վերջ չունի: