ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ երկու ոստիկանապետ է ազատվել աշխատանքից։ 

«Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արա Դավթյանն ազատվել է աշխատանքից և անցել թոշակի։ Իսկ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Այվազյանը ևս ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ»,- ասաց Ջանոյանը։

 

Նշենք, որ Այվազյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2017 թվականի սեպտեմբերին։ 

Հիշեցնենք, որ Հունվարի 19-ին ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, թե համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու և ազատվելու են կարծրացած մարդկանցից, ովքեր չեն կարողանում ձևափոխվել ու կերպարանափոխվել, և նրանք կփոխարինվեն երիտասարդներով․ «Մի մասը, ովքեր իրենց ծառայությունները պետության ու ոստիկանությանը պատվով են կատարել, իրենց ժամանակը լրանալու հետ կապված կմիանան վետերանների միությանը, կաշխատենք այնպես անել, որ պիտանիները չտուժեն։ Կարծում եմ՝  կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսներին, իրենք դիմում կգրեն կգնան։ Ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»։

Սոնա Հարությունյան