Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀԿ-ական պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին ԲՀԿ-ական պատգամավոր «Յուվեցի Կարո» մականվամբ հայտնի Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի դին։ Սակայն վերջինիս վրա բռնության հետքեր չեն եղել։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը որոշակի մանրամասներ փորձեց ճշտել «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրից, բայց այնտեղից հրաժարվեցին պատասխանել մեր հարցի՝ ասելով, որ իրենք իրավասու չեն պատասխանելու որևէ հարցի։

 

Մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց՝ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երիտասարդի մահվան հանգամանքները, պատճառը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նկատենք, որ դեռևս չի հայտարարվում, թե Գոռ Առաքելյանին ով է ուղեկցել հյուրանոցում և արդյոք նա օգտագործել է որևէ տեսակի թմրամիջոց, թեպետ շրջանառվող վարկածներից մեկն էլ թմրանյութի չարաշահման մասին է, հաշվի առնելով այն հանգամանքը նաև, որ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:

Լուսանկարում՝ Կարո Կարապետյան

Նշենք․ որ Գոռ Առաքելյանը հանրությանն առավել հայտնի է «Վերնիսաժի» գործով։ Նա մեղադրվում էր 2014 թ․ մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, որի հետևանքով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով։ Սակայն նկատենք, որ նա մինչև վերջ չկրեց պատիժը և ընդամենն ամիսներ առաջ ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։ Նախագահ Սերժ Սարգսյանը ներում էր շնորհել Գոռ Առաքելյանին, ինչի արդյունքում 2017թ․ մայիսի 3-ին վերջինս ազատ աձակվեց։

Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, Գոռ Առաքելյանին դիմավորելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ էին եկել բազմաթիվ պաշտոնյաներ, քրեական հեղինակություններ, անգամ աստղեր: Նկատել էին երգիչ Թաթային, ով անձամբ էր եկել բերդ սպիտակ մեքենայով՝ Գոռ Առաքելյանին ազատության մեջ դիմավորելու համար:

Հավելենք, որ Գոռ Առաքելյանը ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակից Գառնիկ Առաքելյանի եղբայրն է, իսկ վերջինս Ուկրանիայի դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան է, երգչուհի Լուսինայի ամուսինը։

Լուսանկարում՝ Գառնիկ Առաքելյան

Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում կրակոցներ էին հնչել: Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վիճել էր Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ, վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ Գոռ Առաքելյանն անկանոն կրակահերթ էր բացել վերոհիշյալների ուղղությամբ:

 

Գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի համար դատախազը պահաջել է 9 տարվա ազատազրկում, Նելսոն Մելքոնյանի համար 2, իսկ Վալերիկ Հովհաննիսյանի համար 2.5 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը վճռեց Գոռ Առաքելյանին դատապարտել 6 տարի 6 ամսվա ազատարկման, Վալերիկ Հովհաննիսյանին 3 տարվա ազատազրկման, իսկ Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման: