Հունվարի 25-ից ուժի մեջ է մտել դատական նոր օրենսգիրքը. մեկնարկել են Բարձրագույն դատական խորհրդի, Երեւանի ընդհանուր իրավասության միասնական դատարանի ձեւավորման աշխատանքները: Հունվարի 30-ին էլ վերջնականապես լրանում է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը, և մի շարք լրատվամիջոցներում արդեն իսկ կարելի է հանդիպել «լուրջ» հիմնավորումների, որ Բալայանի թափուր մնացած աթոռը զբաղեցնելու է ոչ այլ ոք քան ̀ Աժ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Զբաղեցնելու է հեռահար նպատակով՝ հետագայում ՍԴ նախագահ դառնալու ակնկալիքով: Ի դեպ մեկ այլ նախկին պաշտոնյա՝ Արթուր Բաղդասարյանը ևս շատ կարճ ժամանակ անցկացրեց նմանատիպ երազանքների գրկում, երբ իրեն սպասարկող լրատվամիջոցներով հանրությանը «աչքալուսանք» էր տալիս, թե հենց ինքն է զբաղեցնելու ՍԴ նախագահի պաշտոնը: Այնուհետև նման հրապարակումները դադարեցին: Ինչպես երևում է Բաղդասարյանին վերադարձին գաղջ իրականություն և հորդորեցին զսպել ախորժակը:

 

Այն, որ Հրայր Թովմասյանի համար վերոնշյալ պաշտոնը մշտապես եղել է անհասանելի երազանք՝ գաղտնիք չէ, այն որ, հավանաբար, երազանք էլ կմնա, մոտ է իրականությանը: Ինչ խոսք, Թովմասյանը Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրն է, ՀՀԿ համար երկար ու ձիգ տարիներ «վիզ դրած» գործիչ, ով բնականաբար, այս տարիների ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց իրավունք ունի ակնկալել երազանքի իրականացում, որքան էլ լրագրողների առջև հարսի ամոթխածությամբ սեթևեթի՝ պնդելով, որ ինքը անչափ գոհ է իր ներկա աշխատանքից, բայց եթե ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ լինի ՝ գուցե և ընդունի:

Սակայն այլ հարց է, որքանով է Թովմասյանը ընդունելի Սերժ Սարգսյանի համար, հատկապես մի պարագայում, երբ սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ-ն ունենալու է ընդլայնված լիազորություններ ̀ ենթարկվելով բովանդակային և որակական լուրջ փոփոխությունների, ընդլայնելով ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում: Ավելորդ է նշել, որ այս տարիների ընթացքում Հրայր Թովմասյանը զրոյական որակական փոփոխությունների է ենթարկվել: Իհարկե, այս ընթացքում ձեռքբերումներ էլ է ունեցել: Մասնավարապես, դարձել է գիտությունների դոկտոր, պաշտպանելով թեզ իր համար անչափ հոգեհարազատ թեմայով` «Կառավարման կիսանախագահական ձևը Հայաստանում, սահմանադրական մոդել և իրականություն»: Այս ձեռքբերմամբ Թովմասյանն իր անունը հավերժացրել է այլ մեծանուն գիտնականների՝ Տարոն Մարգարյանի, Գագիկ Հարությունյանի, Արթուր Բաղդասարյանի կողքին: Սակայն դժվար թե Թովմասյանին հաջողվի թեզով թոզ փչել նախագահի աչքերին: Բացի այդ, չմոռանանք նորընծա գիտնականի հակասությունները արդարադատություն նախարար Դավիթ Հարությունյանի հետ, ով նույնպես Սարգսյանի և ՀՀԿ-ի հավատարիմ կադրն է:

Հարությունյանից կարծես թե չեն դժգոհում, հետևաբար քիչ է հավանականությունը, որ ապրիլից հետո նա կհեռանա կառավարությունից: Այնպես որ իր երազանքի իրականացման համար Թովմասյանին մնում է միայն աղոթել, ի դեպ, աղոթելու մարմաջը նրա մոտ ի հայտ եկել է դեռ ֆեյսբուքյան հայտնի գրառումից հետո, երբ Թովմասյանը իր էջում Գրիգոր Տաթևացի էր ցիտել՝ աստվածային փրկության մասին: Փաստորեն Թովմասյանն էլ է հասկանում, որ այս երկրում այլևս ոչ մի բանի վրա հույս դնել չի կարելի: Մնացել է միայն Աստծուց փրկություն ակնկալել… 

 

Ստելլա Խաչատրյան