Սիրիայի թուրքամետ խմբավորումներից մեկի՝ «Ֆայլակ ալ-Շամ»-ի առաջնորդը Աֆրինում ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աբուրեքան» մականվամբ հայտնի Մահմուդ ալ Դամիսը, ով «Ֆայլակ ալ-Շամ»-ի ղեկավարներից է, այսօր Աֆրինում սպանվել է»,- հայտնել է ինքնահռչակ «Սիրիայի հյուսիսային համադաշնության» Մոսկվայի ներկայացուցիչը:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: