Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հունվարի 26-ին նշվեց Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեսպան Եսայանն իր ողջույնի խոսքում ընդգծեց բանակի դերակատարությունը նորանկախ Հայաստանի կյանքում, ներկայացրեց ՀՀ զինված ուժերի փառավոր ուղին' նշելով, որ Հայոց բանակի կայացումը զուգորդվել է բանակի գլխավոր առաքելության փայլուն իրականացմամբ:

Նույն օրը դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքային կառույցների ղեկավարության և ներկայացուցիչների հետ, որի ընթացքում դեսպան Եսայանը համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեց 2018 թվականի ընթացքում դեսպանություն-համայնք համագործակցության հիմնական ուղղությունները և նախատեսված միջոցառումներին համայնքային կառույցների մասնակցության հնարավորությունները:

Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում կազմակերպվող համահայկական բնույթի միջոցառումներին Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցության ապահովմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Մինսկում հայկական եկեղեցու շինանրարության գործում ներհամայնքային անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները և շինարարության հետ կապված ֆինանսատնտեսական խնդիրները: