Բանակի օրվա առթիվ Եռաբլուր էր այցելել քաղաքական ողջ վերնախավը։ Նախագահ Սերժ Սարգսյանը Եռաբլուր այցելեց իր ավտոշարասյան ուղեկցությամբ, իսկ մյուսները՝ Կարեն Կարապետյանը, Էդվարդ Նալբանդյանը, Վիգեն Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը, Տարոն Մարգարյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գեորգի Կուտոյանը, Արթուր Դավթյանը ժամանեցին Եռաբլուր միկրոավտոբուսով եւ դրանով էլ հեռացան։

Ի դեպ, նշենք, որ սա առաջին դեպքն է, որ քաղաքական էլիտան «երթուղայինով» է երթեւեկում։ Դժվար է կռահել, թե հատկապես ինչ նպատակ էին հետապնդում հայրենի պաշտոնյաները. գուցե բյուջեում առկա վերջին լումա՞ն էին ցանկանում խնայել։ Սակայն շատ ավելի հավանական է, որ հայ քաղաքական էլիտան այս անգամ փորձել է կրեատիվ մոտեցում ցուցաբերել՝ ձգտելով նմանվել զարգացած հասարակությունների առաջադեմ առաջնորդներին։ Յուրաքանչյուր տարի, հատկապես Բանակի օրվա առթիվ, իսթեբլիշմենթը կազմակերպում է ճոխ կորտեժների ցուցադրության ակցիա, ⟨այլ կերպ այս երևույթը չես անվանի⟩, ինչից հետո հայտնվում է հանրային քննադատության թիրախում։ Այս տարի Եռաբլուրում կազմակերպված PR ակցիան էլ չվրիպեց այդ նույն հանրության աչքից։

 

Ով-ով, բայց հանրությունը քաջ պատկերացնում է պաշտոնյաների՝ հասարակությունից և նրա խնդիրներից ու հոգսերից կտրված լինելու աստիճանը։ Եթե նրանք իրոք ուզում են ցույց տալ, թե ժողովրդի հետ են ու ժողովրդի կողքին, կամ ուզում են նմանվել Իրանի նախկին և ներկայիս նախագահներին, Լոնդոնի քաղաքապետին, առաջադեմ հասարակությունների այլ ղեկավարների, ապա թող ամեն օր աշխատանքի գնան քաղաքային տրանսպորտով։  Այս իշխանությունը կտրված է Հայաստանի ու հայության հոգսերից, դա վաղուց որևէ մեկի մոտ զարմանք չի հարուցում, իսկ բոլոր փորձերը՝ ի ցույց դնելու, որ ժանտախտի ժամանակ խրախճանք չկա՝ ընդամենը ծիծաղ են առաջացնում: Իրականությունից կտրվելը կատարվում է ինքնաբերաբար: Նրանք այնքան երկար են տեղափոխվում աթոռից մեքենա, մեքենայից աթոռ, աթոռից՝ ռեստորան, որ այդպես էլ չշփվելով կյանքի հետ՝ մեկուսանում են ու բնակվում միայն իրենց աշխարհում, իսկ թե ինչ է կատարվում իրականում՝ տեղյակ չեն: Եվ մեղադրելու հարց չկա այստեղ: եթե անգամ նրանք էշով Երուսաղեմ էլ գնան, ապա դրանից սուրբ չեն դառնա ու կմնան նույն անընդունելի, ժողովրդից կտրված ու Հայաստանի խնդիրների հետ կապ չունեցող ղեկավարները:

 

Ստելլա Խաչատրյան