Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին ակնկալվում  է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ինչպես նշեց Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, սպասում են Ֆրանսիայի նախագահի դիրքորոշման հստակեցում:

«Շատ կարևոր ձեռբերում է, որ հերթական անգամ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին ապահովվում է մասնակցություն Ֆրանսիայի նախագահի մակարդակով: Միջոցառմանը մենք ներկայացնելու ենք հայկական հարցերը, սպասում ենք Ֆրանսիայի նախագահի հստակեցումները հայկական հարցերի հետ կապված: Մինչև հիմա դրական ազդակներ են եկել, նշվել է, որ Ֆրանսիայի նախագահը սիրով է վերաբերում հայ ժողովրդին, հայերին, սակայն մենք դեռ շատ տեղեկություններ չունենք հայկական հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Ուզում ենք հասկանալ, թե ինչ ճանապարհով ենք առաջ շարժվելու»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

 

Ամենամյա ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 30-ին:

Ավանդական դարձած ընթրիքին մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Թուրքիայում մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Լիոնի քաղաքապետ Գևորգ (Ժորժ) Կեպենեկյանը, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, հոգևոր հայրեր և այլք:

«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է ընտրվել մայիսին կայացած ընտրություններին: