Եվրասիական տնտեսական միությունում գործող մաքսադրույքներին համապատասխանեցման նպատակով, այսինքն՝ ԵԱՏՄ անդամագրման պատճառով, արդեն 2018-ից բարձրացել են 7 անուն ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ շամպունների, մազերի ու ատամների հիգիենայի այլ պարագաների տուրքերը՝ մազի դիմակներ, լաքեր, խնամքի այլ միջոցներ, մածուկներ, խոզանակներ, ինչպես նաև թռչնամիս, բենզին և այլն:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն, անդրադառնալով թանկացումներին, նշեց, որ պատճառն ակցիզային հարկն է. «Եթե առաջարկն ավելանում է, գինն այլ հավասար պայմաններում ընկնում է և եթե պահանջարկն է աճում, այլ հավասար պայմաններում գինը կարող է բարձրանալ: Այս տեսանկյունից, 2018թ. հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացման պատճառով վառելիքի, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գներն արդեն իսկ Հայաստանում բարձրացել են:

Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք բոլոր ծախսերը հիմնավորված են, շահույթները ողջամտության սահմաններում են և միայն ակցիզն ավելանալով՝ պետք է գնաճ տեղի ունենար: Այս հարցերի պատասխանները պետք է տան Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Պետական եկամուտների կոմիտեն: Այս ամենը պետք է մշտադիտարկման ենթարկվի, որովհետև գործարարները գուցե գները բարձրացնում են չհիմնավորված՝ իրենց եկամուտները ցույց տալով որպես ծախս, կամ խուսափում են շահութահարկից, կամ աշխատավարձերի մի մասը վճարելով՝ ցույց են տալիս դրանց սպիտակ մասը, որ քիչ եկամտահարկ վճարեն»,- ասաց նա: 

 

Հարցին՝ սա չի՞ նշանակում, որ շուրջ 770 անուն ապրանքատեսակն աստիճանաբար կթանկանա, Մարգարյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ չի թանկանա, սակայն հնարավոր է՝ որոշակի գնաճային ճնշումներ լինեն: 770-ից կարող են թանկանալ այն ապրանքները, որոնց գծով արտադրություն ընդհանրապես չկա Եվրասիական միության երկրներում, բայց դա շատ քիչ խմբերի է վերաբերում՝ բանան, արևադարձային մրգեր, կամ բարձր որակի տեխնիկա: Վերջիններս բարձր եկամտային խմբում գտնվող ապառողների պահանջարկի տիրույթում են, դրանք կթանկանան, բայց վճարունակ խավն ի վիճակի կլինի ձեռք բերել դրանք:

Կարճաժամկետ ռիսկեր կարող են ծագել, որոնք  կարող են հանգեցնել դեֆիցիտի առաջացման, ինչը գնաճի ստույգ գործոն է: Հետևաբար, պետք է ունենալ ծրագրեր, ներմուծման փոխարինման ռազմավարություն, ստեղծել համապատասխան խթաններ, խրախուսել ներդրումները, ինչու չէ՝ նաև որոշ պետական ձեռնարկություններ ստեղծել, որպեսզի հաղթահարվի վտանգը»:

ԱՎԾ-իտցվյալներով՝ 2017թ. գնաճը 2.6 % և միայն դեկտեմբերին 1 % է: Ըստ տնտեսագետի՝ այժմ առանձին ապրանքախմբերի գծով առկա է գների բարձրացում՝ 20-30%-ով, իսկ որոշների գծով՝ նվազում և ըդհանուր նվազագույն զամբյուղի հաշվով՝ գների բարձրացումն այնքան էլ մեծ չէ: 

Նրա խոսքով՝ գնաճի պատկերը տարածաշրջանի երկրներում հետևյալն է՝ սննդամթերքի տեսակարար կշիռը Հայաստնում 40-41 % է, Վրաստանում՝ 30, Ռուսաստանում՝ 30, Թուրքիայում՝ 20: Միջին սպառողի վրա սննդամթերքի գների բարձրացման ազդեցության չափը հասկանալու համար հարկավոր է դուրս բերել գնային ընդհանուր բալանսը, ըստ այդմ էլ՝ ինդեքսավորել նպաստները, թոշակները:  

Սոնա Հարությունյան