Լոռու մարզում 2018 թվականին զգալի ներդրումներ են սպասվում տարբեր ուղղություններով: Մարզի ներդրումային ծրագրերի, առաջիկա անելիքների, առկա խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: 

-Պարոն Նալբանդյան, 2017 թվականն, ընդհանուր առմամբ,  ինչպիսի՞ տարի էր Լոռու մարզի համար, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

 

-2017թ.-ն աննախադեպ էր մարզի համար մի շարք կարևոր ներդրումային ծրագրերի մեկնարկի, մի քանի կենսական կարևորության պայմանավորվածությունների ձեռքբերման առումով, որոնց սկիզբը կդնենք այս տարի՝ հեռահար զարգացման ուղի ապահովելով մեր մարզի համար: Դրանց մասին առաջիկայում կխոսենք առավել հանգամանորեն: Մի խոսքով՝ սաղմերը գցված են: Պետք է նշեմ, որ 2017թ.-ին մեծածավալ շինաշխատանքներ ենք իրականացրել թե՛ պետական միջոցներով ու թե՛ միջազգային կառույցների ու դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:

 Նախորդ տարի նաև մարզը հայտարարել էինք «Սմարթ» և մեզ համար այդ չափազանց կարևոր ու հանրապետությունում նախադեպը չունեցող ծրագրի կյանքի  կոչմանն ուղղված հետևողական քայլեր ենք իրականացնում: Մարզի արդեն թվով 17 դպրոցներում ունենք գեղեցիկ վերանորոգված ու ամենաժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Սմարթ» դասասենյակներ, ևս 6 դպրոցում նմանատիպ դասասենյակներ կկառուցվեն առաջիկայում: Այս տարի նախատեսում ենք «Սմարթ» սենյակներ կահավորել նաև նախադպրոցական կրթական հաստատություններում: Այս տարի շահագործման կհանձնվի Դեբեդի կիրճում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող  նույնպես տարածաշրջանում նախադեպը չունեցող «Սմարթ» կենտրոնը: Այն նոր հնարավորություններ կստեղծի մարզի գյուղական միջհամայնքային կապերի ամրապնդման, փորձի փոխանակման, դպրոցականների կրթությունը նորարարական տեխնոլոգիաներով կազմակերպելու համար։ Հիմնադրամի կողմից մարզի 6 համայնքներում ստեղծվել են ստեղծագործարաններ։      

 

     

 

 Մարզկենտրոնում բավականին լուրջ ծրագրեր է իրականացնում  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Այն ուղղված է նպաստելու Վանաձոր քաղաքում ժամանակակից գիտելիքահեն և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության ու խորհրդատվության տրամադրմանը: Այժմ կենտրոնում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքային տարածք՝ սկսնակ թիմերի համար: Կանխորոշվել է մինչև 2025 թվականը նորագույն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների թիվը մարզում ավելացնել 20 տոկոսով։ Մի խոսքով ծրագրերը շատ են և բազմաբնույթ:

 

-2018 թվականի համար որո՞նք են մարզպետարանի առաջնահերթությունները: Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք:

-Մեզ համար երկրորդային խնդիրներ չկան, կարևոր ու առաջնային են բոլոր այն խնդիրները, որոնք ուղղված են մարզի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, մարզի համար տևական զարգացմանը ապահովմանը: Պետք է նշեմ, որ նախորդ տարի մշակվեց մարզի զարգացման 2017-2025թ.թ. ռազմավարական ծրագիրը՝ չափազանց կարևոր մի փաստաթուղթ, որով առաջնորդվելու ենք առաջիկա տարիներին:  Նշեմ նաև, որ Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերում և 2017-2025 թ.թ. մարզի զարգացման ռազմավարության մշակման գործընթացում՝ որպես գերակա խնդիր ու  հեռահար նպատակ դիտարկել ենք  համայնքների համաչափ զարգացումը:

- Պարոն մարզպետ, հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ներդրումների բում ենք ակնկալում: Այս տարվա ընթացքում ի՞նչ ներդրումային ծրագրեր են նախանշվում, որոնք այս կամ այն կերպ կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը: Ընդհանուր առմամբ Լոռու մարզի համար տնտեսական զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:

-Այո, ես կրկին հավաստում եմ, որ այս տարի ներդրումների բում ենք ակնկալում:  Եթե զուտ թվերի լեզվով խոսենք, ապա պետք է ասեմ, որ Լոռու մարզում 2018թ.-ին «Արդյունաբերություն, մասնավոր հատված» ոլորտում նախատեսվում են 44 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, որից հանքարդյունաբերությունում՝ 7.95 մլրդ դրամ, իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ գազաբալոնների և կարբոնի գործարանի հիմնադրման նպատակով՝ 32.5 մլրդ դրամ, զբոսաշրջության ոլորտում՝ 3.2 մլրդ դրամ արժողությամբ։ Վերջին 1.5 տարում մարզպետարանի աջակցությամբ մշակվել է 29 ներդրումային ծրագիր, որոնցից 2018թ.-ին կֆինանսավորվեն 14-ը, ներդրումների ծավալը  կկազմի 1 մլրդ 487 մլն դրամ: Էներգետիկայի բնագավառում ներդրումների ծավալը կկազմի 74.5մլրդ դրամ: Խոշորածավալ ներդրումներ են սպասվում քաղաքաշինության ու մասնավորապես՝ ճանապարհաշինության ոլորտում, քանի որ նախորդ տարի մեկնարկել և այս տարի շարունակվելու է մարզի համար կենսական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը: Ծրագրի ընդհանուր արժեքը 102 մլն եվրո է (53 մլրդ դրամ): Լուրջ ներդրումներ կլինեն նաև առողջապահության(ի դեպ, շուտով շահագործման կհանձնենք Վանաձորի բժշկական համալիր կենտրոնը), գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, հանրային կարևորության  այլ  ոլորտներում ևս: Սրանք, իրականում տպավորիչ ցուցանիշներ են: Մի խոսքով՝ ծավալուն աշխատանքներ կիրականացվեն թե՛ պետական միջոցներով, թե՛ բարերարների և թե՛ միջազգային կառույցների ֆինանսավորմամբ:

 

 

Առավել հանգամանորեն, սակայն, ուզում եմ խոսել հատկապես երկու ներդրումային ծրագրի մասին: Մեզ համար շատ ոգևորիչ է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում ներդրումային ծրագրերի իրականացումը: Այս ընկերությունը ներկայացնում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ զբաղվող «Ռադ Սանե Վաշամիր» միջազգային ինդուստրիալ ընկերությունը, որը գործունեություն է ծավալում Թուրքիայում, Թաիլանդում և Ռուսաստանի Դաշնությունում: Լոռու մարզում «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ի ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, կառուցվող ձեռնարկության աշխատողների թիվը (ենթակառուցվածքների հետ միասին)՝ մինչև 2000 մարդ: Ներդրումները նախատեսվում են 3 ուղղությամբ՝ կոմպոզիտային բալոնների, կարբոնի մանրաթելի արտադրությամբ զբաղվող գործարանների հիմնում և ագրոհամալիրի կառուցում: Կոմպոզիտային բալոնների արտադրության գործարանի կառուցումն արդեն մեկնարկել է և կավարտվի 2018 թ. ապրիլին: Այստեղ ներդրումների ծավալը կազմում է 20 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 100 մարդ: Իսկ 80 մլն ԱՄՆ դոլար  ներդրումային ծավալով և 300 աշխատատեղով կարբոնի արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2018 թ. նոյեմբերին:

Նախատեսված ագրոհամալիրի շրջանակում կառուցվող գործարաններն զբաղվելու են կաթնամթերքի արտադրությամբ (կաթի փոշի, պանիր, կարագ), անասնապահությամբ, մրգերի վերամշակմամբ,  ինչպես նաև կլինի սպանդանոց: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ. մայիսին, և ավարտել 2019 թ. մայիսին (ներդրումների ծավալը` 30 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ մինչև 300-400 մարդ): Սա լուրջ ներդրումային ծրագիր է մարզի համար, որը հնարավորություն կտա լուծելու մեզ այնքան մտահոգող զբաղվածության խնդիրը, զարգացում կապահովի մարզի տնտեսության համար:

Երկրորդ ծրագիրը, որն անկեղծ ասած մեզ շատ է ոգևորել և մարզի ու մասնավորապես՝ Վանաձորի համար զարգացման հեռահար և տևական ուղի կապահովի՝ կանադացի մասնագետների կողմից Մայմեխի ստորոտում, Շահումյան համայնքի վարչական տարածքում կովկասյան տարածաշրջանում ամենահզոր ճոպանուղու կառուցումն է (այն իր նշանակությամբ կտարբերվի Տաթևի ճոպանուղուց, կունենա ձմեռային տուրիզմի ու հանգստի կազմակերպման նշանակություն և մրցակցության հայտ կներկայացնի Ծաղկաձորի ճոպանուղուն-հեղ.): Զուգահեռաբար կկառուցվեն նաև ձմեռային սահուղիներ, հանգստի գոտիներ, երկու հյուրանոց և երկու ռեստորան և սա միայն առաջին փուլով: Ներկայում նախագծանախահաշվային աշխատանքներ են ընթանում: Այս տարի շինարարությունն անպայման սկսվելու է: Այս ծրագիրն իր ետևից, համոզված եմ,  ներդրումների շղթա կապահովի՝ սպասարկման ոլորտում, ենթակառուցվածքների բարելավման առումով:

 

 

-Պարոն Նալբանդյան, թերևս, բոլոր մարզերում աղբահանության խնդիրը շարունակում է օրակարգային մնալ: Այս տեսանկյունից Լոռու մարզում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել և ընթացիկ տարում ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:

-Անկեղծ ասած՝ ծավալուն աշխատանքներ իրականացրել ենք ու շարունակելու ենք իրականացնել, չնայած որ՝ արդյունքներն առայժմ մեզ բնավ չեն գոհացնում: Անցած տարի «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակների և մի քանի համայնքներում աղբահանության ծառայության ներդրմամբ և մատուցմամբ՝ որոշակի տեղաշարժ ապահովեցինք: Մարզում գույքագրված 348 աղբավայրերից փակվեցին 340-ը: Ներկայում շահագործվում է ընդամենը 8 աղբավայր (Արջուտ, Սպիտակ, Տաշիր, Ամրակից, Ալավերդի, Ախթալա, Թումանյան և Դսեղ): Բանն այն է, որ մարզում աղբահանության ծառայությունը հասանելի չէ ողջ բնակչությանը: Խնդիրն առավել լուրջ է գյուղական համայնքներում: Բայց մենք անընդհատ խնդրի լուծման ուղիներ ենք փնտրում: Այս տարի մարզի աղբահանության ենթահամակարգի բարելավմանն ուղղված միջոցառումներ ենք նախատեսել, մասնավորապես՝ բոլոր համայնքների բյուջեներում նախատեսվել են աղբահանության իրականացման ծախսեր, սկսվել է տնտեսվարող սուբյեկտների հետ աղբահանության մատուցման պայմանագրերի կնքումը: Եթե 2017 թ. մարզում միայն 37 համայնք էր աղբահանություն իրականացնում, ապա այս տարի  աղբահանություն կիրականացվի 49 համայնքում: Մարզում 2018 թվականին կայուն գրաֆիկով աղբահանություն չի իրականացվի միայն 7 փոքր համայնքում, սակայն համոզված եմ, որ համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո հարցը վերջնականապես կկարգավորվի: 2018 թվականին աղբահանության նպատակով կատարվող ծախսերը նախատեսված է ավելացնել 18 տոկոսով կամ 94 մլն դրամով: Աղբահանության գծով տեղական վճարներ սահմանվել են մարզի աղբահանություն իրականացնող բոլոր համայնքներում: Մեր առաջ խնդիր ենք դրել աստիճանաբար աղբահանության ծառայությունները դարձնել ինքնածախսածածկվող, դրանում ներգրավել համայնքների տարածքում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, իսկ ֆիզիկական անձանցից հավաքագրումների մակարդակը հասցնել առավելագույնի: 2018 թվականին նախատեսված է աղբահանության ինքնածախսածածկման ցուցանիշը 2017 թվականին արձանագրված 42.8 տոկոսից հասցնել 52.2 տոկոսի, իսկ առաջիկա 3 տարիների ընթացքում՝ մինչև 70 տոկոսի: Իմ խորին համոզմամբ՝ աղբահանության խնդրի լուծման ամենահուսալի և արդյունավետ ճանապարհը դրա համար անհրաժեշտ միջոցների գեներացման գործում համայնքի բոլոր բնակիչների և տնտեսվարող սուբյեկտների մասնակցության ապահովումն է, այդ ծառայությունը մրցակցային հիմունքներով մասնավոր սեկտորին պատվիրակելն ու վերահսկողության և վարչական պատասխանատվության խստացումը: Համենայն դեպս՝ մենք մարզում շարժվում ենք այս ուղղությամբ:

Ուզում եմ խոսել նաև ընթացքի մեջ  գտնվող «Կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի մասին, ըստ որի, KfW գերմանական զարգացման բանկի օժանդակությամբ Լոռու մարզում նախատեսվում է կառուցել նոր սանիտարական աղբավայր: Աղբավայրի կառուցման համար նախնական ընտրված է Քարաձոր համայնքից դեպի արևմուտք ընկած լանջը, որը գտնվում է Ղուրսալի ու Նոր Խաչակապ գյուղերի վարչական տարածքներում: Կառուցվելիք սանիտարական աղբավայրը պետք է ծառայի ոչ միայն Գուգարքի և Սպիտակի տարածաշրջաններին, այլև Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին: Ըստ նախնական գնահատականի` այն ծառայելու 25 տարի, ավելի քան  1 մլն տոննա աղբ ընդունելու հեռանկարով: Աղբավայրն զբաղեցնելու է 11 հա տարածք, ներառյալ պաշտպանիչ գոտին և օժանդակ տեղամասերը, ինչը ևս կնպաստի աղբահանության պատշաճ կազմակերպմանը:

 

 

- Նախորդ տարի ներկայացվել է Վանաձորի զարգացման հայեցակարգը և խոսվել է տուրիզմի զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու մասին: Այդ համատեքստում մարզում ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:

-ՀՀ վարչապետի գործուն աջակցությամբ՝ մշակվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքային իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյի և Մոսկվայի փորձառու մասնագետները: Մշակվել  է նաև  քաղաքի զարգացման «մաստեր պլանը»՝ ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերով: Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, քաղաքաշինական, ճարտարապետական, տրանսպորտային և այլ ոլորտներում առկա բացերը, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Հայեցակարգով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ և այլն: Քննարկվում է նաև Վանաձորում ինդուստրիալ տուրիզմի զարգացման ռազմավարությունը, քանի որ մարզկենտրոնի արդյունաբերական երբեմնի հսկաները կարող են գրավչություն ներկայացնել զբոսաշրջիկների համար:

Վանաձորի զարգացման այս հայեցակարգի շրջանակներում ենք դիտարկում վերը նշված ճոպանուղու, ձմեռային սահուղիների, հանգստի գոտիների, ռեստորանների և հյուրանոցների կառուցման ծրագիրը, որը ինչպես նշեցի, հատկապես Վանաձորի համար տևական և հեռանկարային զարգացման ուղի կապահովի՝ իր հետևից բերելով ենթակառուցվածքների, սպասարկման ոլորտի զարգացում և զարկ կտա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զբոսաշրջության ակտիվացմանը:

 

 

-2017 թվականը մարզի համար առանձնացավ նաև խոշորածավալ շինարարական աշխատանքներով: Այս տարի ճանապարհաշինարարական ի՞նչ աշխատանքներ եք պլանավորել:

-2017թ-ին  ճանապարհաշինության ոլորտում Լոռու մարզում կատարված աշխատանքների ծավալը կազմել է 12,05 մլրդ դրամ,  որոնցից առավել խոշորները, ինչպես արդեն նշեցի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման 1-ին փուլով նախատեսված աշխատանքներն էին( 11,063 մլրդ դրամ արժողությամբ), Վանաձոր համայնքի ճանապարհների վերանորոգումը( արժեքը՝ 367 մլն դրամ) և այլն:  2018թ.-ին  Լոռու մարզում նախատեսվել  է իրականացնել 11.5 մլրդ դրամի  ճանապարհաշինական աշխատանքներ. կշարունակվեն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման 1-ին փուլի ավարտական աշխատանքները: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի 2018թ գարնանը: Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Ստեփանավան և Ալավերդի համայնքներում:

Ընդհանուր առմամբ՝ 2017թ. քաղաքաշինության ոլորտում Լոռու մարզում իրականացվել են շուրջ 6904.6 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որոնցից ուզում եմ առանձնացնել՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցումը (հիվանդանոցային մասնաշենքը՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝4 մլրդ 485. 5մլն դրամի նախահաշվային արժեքով և ծննդատան մասնաշենք՝ «Տաշիր» ԲՀ-ի ֆինանսավորմամբ՝ 1մլրդ 150 մլն դրամի նախահաշվային արժեքով), «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի մարզային լաբորատորիայի կառուցում՝ 816 մլն դրամի նախահաշվային արժեքով, «Սմարթ» կենտրոնի կառուցումը՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» ֆինանսավորմամբ՝ 3 մլն դոլար նախահաշվային արժեքով, «Ալավերդի և Սպիտակ քաղաքներում նոր մանկապարտեզի շենքերի կառուցում» ծրագիրը՝ շուրջ 1մլրդ դրամի նախահաշվային արժեքով՝ «Տաշիր» ԲՀ-ի ֆինանսավորմամբ, Վանաձորի թիվ 7 դպրոցի կառուցում, որն իրականացվում է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի  միջոցներով՝ 798 մլրդ դրամ նախահաշվային արժեքով՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և այլն:

 

 

-Այս տարվա ընթացքում կրթական հաստատությունների վերանորոգման, նորերի կառուցման ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-2018թ-ին նախատեսված է իրականացնել կրթական հաստատությունների վերանորոգման, նորերի կառուցման 930.8 մլն դրամ արժողությամբ հետևյալ ծրագրերը. ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 408.4 մլն դրամ ընդհանուր արժեքով Վանաձորի թիվ 18 դպրոցի վերակառուցման աշխատանքները, Գյուղատնտեսական պետական քոլեջի մարզադահլիճի  վերակառուցումը, Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգումը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի  ֆինանսավորմամբ` 522.4մլն դրամի աշխատանքներ, այդ թվում՝ Ալավերդու թիվ 4 դպրոցի, Ախթալայի թիվ 2 դպրոցի հիմնանորոգումը, ինչպես արդեն նշեցի, Վանաձորի թիվ 7 դպրոցի և Արևաշողի դպրոցի մարզադահլիճի կառուցումը:

-Անդրադառնանք համայնքների խոշորացմանը: Լոռու մարզում համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել է 10 համայնքային փունջ: Համայնքների միավորման գործընթացից ի՞նչ դրական և բացասական կողմեր կառանձնացնեք:

-2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում մարզի 61 համայնքների միավորման արդյունքում կազմավորվեց 10 խոշորացված համայնք: Անցած 2 ամիսների ընթացքում աշխատանքներ են տարվել խոշորացված համայնքների գույքի, ստանձնած պարտավորությունների, ակտիվների, պասիվների հանձնման-ընդունման աշխատանքների, համայնքների բյուջեների կազմման և կառավարման, նորընտիր ավագանու նիստերի կազմակերպման, համայնքապետարանների աշխատակազմերի ձևավորման, նախապատրաստական աշխատանքներ՝ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մշակման ուղղություններով: Ինչ վերաբերում է դրական և բացասական կողմերին, ապա պետք է նշեմ, որ ինչպես ցանկացած նոր գործընթաց, այնպես էլ՝ hամայնքների խոշորացման արդյունքում առաջացել են նոր հնարավորություններ և ռիսկեր: Առայժմ վաղ է խոսել համայնքների խոշորացման գործընթացի դրական և բացասական կողմերի մասին, տարվա վերջում կատարված աշխատանքների ամփոփումից հետո կառանձնացնենք ձեռքբերումները և առկա խնդիրների վերաբերյալ կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր: Սակայն իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նման փոքր երկրի համար այս թվով համայնքներ ունենալը չարդարացված շռայլություն է: Կարող է ինչ-որ տեղ ծայրահեղական հնչել, բայց ես խորապես վստահ եմ ու համոզված, որ համայնքների միավորումները միմիայն դրական արդյունք կարող են ապահովել: Ասեմ, թե ինչու: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հատկապես փոքր համայնքների բյուջեն ու դրան գումարած պետության կողմից տրամադրված դոտացիան, հազիվ բավարարում է գյուղապետարանի աշխատակազմի աշխատավարձերը վճարելուն: Համայնքներում տեղական բյուջեների միջոցներով տասնամյակներ շարունակ որևէ ծրագիր չի իրականացվում, ավելին՝ մեր կողմից այլ ֆինանսական ներդրումներ ներգրավելու դեպքում անգամ համայնքը չի կարողանում ապահովել 10-20 տոկոս տեղական ներդրումը, իսկ ինչպես հայտնի է, միջազգային դոնորները որևէ ծրագիր իրականացնում են միմիայն տեղական ներդրման պայմանով: Այնպես է ստացվում, որ համայնքը անմասն է լինում բոլոր տեսակի ծրագրերից, իսկ արդյունքում տուժում է համայնքի բնակիչը: Միավորման արդյունքում՝ համայնքային բյուջեն անհամեմատ մեծ կլինի և հնարավոր կլինի տարաբնույթ ծրագրեր իրականացնել, ներդրումներ ներգրավել: Համայնքների միավորման հաջողված փորձ մենք արդեն ունեցել ենք: Լոռու մարզում համայնքների միավորման պիլոտային ծրագրի արդյունքում ձևավորվեց Թումանյան համայնքը: Այս ընթացքում նշված միավորված փնջում բազմաթիվ ներդրումային ծրագրեր են իրականացվել՝ թե պետական ու թե ՝միջազգային կազմակերպությունների միջոցներով:

 

 

-Այս ընթացքում համայնքապետերի կամ բնակիչների կողմից համայնքների միավորման հետ կապված դժգոհություններ ստացե՞լ եք: Եթե այո, ապա ինչ հարցերին են վերաբերել:

-Վստահ եմ` այս գործընթացը ոչ բոլորի սրտով է ու համոզված եմ, դժգոհողները հիմնականում միավորվող համայնքների ղեկավարներն են, ովքեր  մտավախություն  են ունեցել, որ ընտրությունների արդյունքում կարող են բավարար թվով ձայներ չհավաքել և չընտրվել միավորված համայնքի ղեկավար, ուստի բնակչության շրջանում հաճախ մերժողական տրամադրություններ են տարածել: Այս առումով մենք պատշաճ իրազեկում կատարելու, հավաստի տեղեկատվություն տարածելու խնդիր ունենք,ինչն էլ իրականացնում ենք:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի