«Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված գողությունից տուժած հաճախորդներն անորոշության մեջ են: Բանն այն է, որ դեպքից մեկ ամիս է անցել, քաղաքացիներից մի մասի ոսկեղենը գտնվել է, մյուս մասինը՝ ոչ: Ու թեև տուժածներին ասել են, թե ոսկեղենն առկա է, բայց այդպես էլ ցույց չեն տվել, ինչն էլ թերահավատության առիթ է տվել:  

Հիշեցնենք, որ կազմակերպության դրամապահոցից հափշտակվել էր մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդեր՝ մոտ 7200 դոլար արժողությամբ, և 8.300.000 դրամ գումար: Կազմակերպությանը պատճառվել է մոտ 281.000.000 դրամի գույքային վնաս: Ավելի ուշ ձերբակալվեց մասնաճյուղի կառավարիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը: Օրերս էլ հայտնի դարձավ, որ գործով հետախուզվող Արսեն Գրիգորյանին մահացած են գտել գերեզմանատանը:

 

Տուժածների հոսքը դեպի կազմակերպության վանաձորյան մասնաճյուղ՝ չի դադարում: Վարկային կազմակերպությունն այս ամբողջ ընթացքում տուժած հաճախորդների հետ քննարկում է գողացված ոսկու փոխհատուցման տարբերակները: Սակայն շահառուները դժգոհ են. բանկն առաջարկում է իր կողմից գնահատված չափով գումարային փոխհատուցում: Այս ընթացքում բանկը հաճախորդներին զգուշացնում էր վճարել ամսական տոկսագումարները, այլապես դրանց վրա կհաշվարկվեն տույժեր ու տուգանքներ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տուժած քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իր ոսկեղենը չհայտնաբերվածների մեջ է. «Ես համաձայն չեմ առաջարկվող փոխհատուցման տարբերակին, քանի որ իմ ոսկու շուկայական արժեքը շատ ավելին է, քան «ՍԵՖ»-ն է գնահատել: Իրենք ասում էին, որ միայն մայր գումարն են փոխհատուցում, մինչ այդ մուծած տոկոսներն էլ համարում էին տոկոսների մարում, քեզ հատկացված գումարը մուծում ես, պայմանագիրը համարում են չեղյալ: Մենք էլ ստիպված մուծում էինք ամսական տոկոսագումարը՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Տոկոսագումարների սառեցման մասին հայտարարում են մեկ ամիս անց միայն, բայց ամբողջ ընթացքում պարտադրում էին վճարել»,- ասում է նա:
 
«Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված գողությունից տուժած Դավիթ Ամիրյանն էլ հայտնեց, որ իր ոսկեղենն այդպես  էլ չի հայտնաբերվել՝ մտահոգություն հայտնելով, որ ինքը խնդրի առաջ է կանգնել և իրեն ընդհանրապես չի գոհացնում վարկային կազմակերպության փոխհատուցման առաջարկը. «Առաջարկել են 13.5-ով փոխհատուցում, բայց ես համաձայն չեմ դրա հետ: Դիմում եմ գրել, պատասխանն ամսի 6-ին կստանամ: Ասում են, թե պատրաստ են փոխհատուցել այնքան, որքան բանկն է գնահատել, սակայն բանը նրանում է, որ բանկը գրավը որպես ձուլակտոր է գնահատել, բայց իմ ոսկեղենը զարդ է ու շատ ավելի թանկ արժե, քան իրենց առաջարկած գումարը: Եթե ոսկեղենը չեն կարող տալ, ուրեմն թող շուկայական արժեքով փոխհատուցեն»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը: 

Բանկում կատարված գողությունից տուժած Անահիտ Ավագյանն ասաց, որ իրեն նամակի միջոցով տեղեկացրել են, որ իր ոսկեղենը գտնվել է. «Ինձ sms-ով տեղեկացրել են, որ իմ գրավադրած ոսկեղենը գտնվել է: Ոսկեղենը չեմ տեսել, բայց վստահեցրել են, որ կա: Ասացին՝ դատավարությունից հետո կգա բանկ և կկարողանանք տեսնել: Ստիպված սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի: Մենք, իհարկե, 100 % համոզված չենք կարող լինել, բայց հուսանք, որ կա»,- ասաց բանկի հաճախորդը՝ ավելացնելով, որ այս պահին սպասողական վիճակում են և շարունակում են վճարել տոկոսագումարները:

Նույն խնդիրն է նաև Քաջիկ Սաղումյանի և Սուսաննա Զատիկյանի մոտ. մեզ հետ զրույցում վերջիններս նշեցին, որ հաճախորդներից ոչ ոք փաստացի չի տեսել իր ոսկեղենը

Սոնա Հարությունյան