ԱԽ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է ազգային անվտանգության ռազմավարության փոփոխության անհրաժեշտության մասին: Այս մասին նա խոսել է նաև օրեր առաջ ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ: Ի՞նչ է ենթադրում անվտանգության ռազմավարության արդիականացումը և ինչո՞ւ է Սարգսյանը դրան ձեռնամուխ լինում միայն հիմա՝ ներքաղաքական վերադասավորումների այս բարդ փուլում: Արդյո՞ք խնդիրը նրանում է, որ Սերժ Սարգսյանը նախկինում կարճաժամկետ ծրագրերով էր կառավարում, քանի որ երաշխավորված չէր երկարաժամկետ որևէ հեռանկար, իսկ այժմ Սարգսյանն իր համար գործնականում ապահովել է անժամկետ վարչապետության մի մոդել և այլևս իրեն թույլ է տալիս իրականացնել երկարաժամկետ պլանավորում:
 
Մյուս կողմից՝ Սարգսյանի շտապողականությունը ևս մեկ բացատրություն ունի: Նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Սարգսյանը գործ է ունենալու բազմավեկտոր համակարգի հետ, որտեղ ցանկացած փոփոխություն կարող է լուրջ դիմադրության արժանանալ: Դա է պատճառը, որ Սարգսյանը ձգտում է փոփոխությունների հիմքը դնել հիմա՝ գործող համակարգի շրջանակներում, այսպիսով թեթևացնելով իր իսկ գործը ապրիլից հետո:Միևնույն ժամանակ, հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են նախատեսվում: Սակայն հատկապես Ապրիլյան պատերազմից հետո բազմաթիվ էին հայաստանյան քաղաքական գործիչների, վերլուծաբանների հայտարարություններն այն մասին, որ Երևանը պետք է վերանայի իր մոտեցումները ազգային անվտանգության ռազմավարությունում:
 
Հայաստանում շարունակելու է տեղակայված մնալ ռուսական ռազմաբազան, եւ ՀՀ-ն ու ՌԴ-ն համարվելու են ռազմավարական գործընկերներ: Հայաստանը շարունակելու է մնալ ՀԱՊԿ անդամ: Հայաստանը տնտեսական հարաբերությունների առումով եւս «պրոռուսական» ծիրում է՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այնպես որ, դեռ երկար ժամանակ Հայաստանը հազիվ թե փորձի փոխել իր հիմնական քաղաքական ուղղվածությունը: Մյուս կողմից` նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանը համապարփակ եւ ընդլայնված համագործակցության փաստաթուղթ է ստորագրել ԵՄ-ի հետ: Հազիվ թե այդ փաստաթղթում կոնցեպտուալ, լուրջ փոփոխություններ արվեն, հազիվ թե վերանայվեն Հայաստանի՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Իսկ մինչ այդ՝ մեկ փաստ էլ. ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու մասին Ս. Սարգսյանը խոսում է նախագահության ժամկետի ավարտից 2 ամիս առաջ: Բայց, ինչպես հուշում են ներքաղաքական գործընթացները` Սարգսյանը մտադիր է շարունակել իշխանավարումն արդեն որպես վարչապետ, քանի որ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո վարչապետն է լինելու երկրի իրական ղեկավարը: Հավանաբար այս ռազմավարության մեջ հիմնական փոփոխությունները արվելու են հենց այդ համատեքստում:
 
Եվ, այնուամենայնիվ, Հայաստանին պե՞տք է ազգային անվտանգության ռազմավարություն, թե՞ պետք չէ: Իհա՛րկե պետք է: Պարզապես ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստանն այդպիսի ռազմավարություն վաղուց ունի, եւ այն ամրագրված է Սահմանադրությամբ (նույնիսկ ա՛յս Սահմանադրությամբ): Այնտեղ պարզ գրված է, որ Հայաստանը ինքնիշխան ժողովրդավարական երկիր է եւ նպատակ ունի բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Այլ հարց է, որ այս դրույթները չեն կատարվում: Ընդ որում, չեն կատարվում առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի կողմից: Այնպես որ, Հայաստանի թիվ մեկ պրոբլեմը սա է: Եվ ավելի ճիշտ կլինի, եթե ընդդիմությունը ժողովրդի հետ այս պրոբլեմը լուծելու «ռազմավարական ծրագիր» մշակի:
 
Ստելլա Խաչատրյան