ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գտնում է, որ կառավարության նիստերի դռնփակ անցկացումը թույլ կտա ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջարկներին: Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ կառավարության նիստերին լրագրողների ներկայության պատճառով է նաև, որ դրանց ընթացքում տեղի չի ունենում իրական բանավեճ: Այսինքն, նախարարի տրամաբանությամբ, գործադիրում միմյանց քննադատելու և բանավիճելու ազնիվ մղումներին խանգարում են լրատվամիջոցները, քանի որ, ըստ ամենայնի, մեր պաշտոնյաները տեսախցիկի առջև միմյանց երեսին դառը ճշմարտություն ասելուց քաշվում են: Մյուս բացատրությունը կարող է լինել այն, որ հատկապես շրջակա երկրների քաղաքական և պատերազմական լարվածության պայմաններում, նաև Ադրբեջանի հետ կապված, խնդիր է առաջացել նիստերը փակ անցկացնել: Այդ պարագայում ինչու միայն նմանատիպ օրակարգ պարունակող նիստերը դռնփակ չանցկացնել՝ դժվար թե հանրությունը ըմբռնումով չմոտենար այս հարցին:

 

Մինչ օրս էլ Հայաստանի կառավարության նիստերը դռնբաց են եղել, բացառությամբ գաղտնի հարցերի քննարկումը: Ինչո՞ւ չշարունակել այս պրակտիկան: Հակառակ պարագայում՝ առանց այդ էլ հոգեբանական ծանր վիճակում գտնվող հակառակարոդը կհայտնվի կոգնիտիվ դիսոնանսի մեջ, մտածելով, որ հայաստանյան կառավարությունը օր ու գիշեր քննարկում է հակառակորդին ջախջախելու հույժ գաղտնի ռազմավարությունը: Սա, իհարկե, կետ կատակ...

Իսկ իրականում՝ առաջանալու է կառավարության աշխատանքի թափանցիկության լուրջ ճգնաժամ: Ավելին՝ կառավարության ներկայացուցիչներն իրավունք չեն ունենա առանց վարչապետի թույլտվության՝ տեղեկատվություն հրապարակել նիստերի ժամանակ քննարկված որեւէ հարցի վերաբերյալ: Բայց, որպես հանրության ու մեդիա դաշտի սրտի մխիթարանք, կառավարության ղեկավարը պետք է ապահովի գործադիրի աշխատանքների հրապարակայնությունը, իսկ վարչապետի որոշմամբ` նիստի մի մասը կարող է եւ դռնբաց լինել: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ հարկ եղած պահի կառավարության նիստերը կարող են ծառայել վարչապետի PR-ին, որտեղ երկրի ղեկավարը մատ թափ կտա, կհոխորտա, կպահանջի առավել թափանցիկ և արդյունավետ աշխատել, կթիրախավորի որևէ նախարարի, վերջինիս թերացումները, հանրությունն էլ ականատես կդառնա հերթական լավ բեմադրված ներկայացման, և ինչպես ասում են՝ բոլորը գոհ կմնան: Արդյունքում կմտցվեն նորամուծություններ, որոնք ամբողջովին վերականգնում են խորհրդային կառավարման հոռի բարքերը՝ նահանջ արձանագրելով նույնիսկ այսօրվա իրականության համեմատ: Քանի որ գործադիր իշխանության հրապարակային գործունեության և հաշվետվողականության սկզբունքները պարտադիր պայման են ցանկացած ժողովրդավարական երկրի, էլ չենք ասում՝ խորհրդարանական մոդելի համար:

 

Ստելլա Խաչատրյան