Վերաքննիչ դատարանում այսօր, ընթանում է Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով բողոքի քննությունը:

Նշենք, որ Սամվել Բաբայանը բողոքում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ՝ պահանջելով արդարացում:

 

«Ես չեմ եկել պաշտպանվելու, քանի որ ես հանցագործություն չեմ կատարել: Ես չեմ հրաժարվում ձայնագրություններում իմ ասածներից: Շրջանցելով փաստերը, ինձ մեղադրում են մի բանում, որի հետ ես կապ չունեմ և որևէ հիմնավոր փաստեր չկան ներկայացված գործի մեջ: Առաջին ատյանի դատարանը կոնտեքստից բառեր հանելով, անհասկանալի բաներ է գրում՝ իմ դեմ օգտագործելով, Էդպես չի կարող լինել: Այդ դեպքում, մի քանի ամիս որևէ մեկին գաղտնալսելուց հետո կարող են դատել ցանկացած քաղաքացու՝ որոշ բառեր կոնտեքստից հանելով: 

190-րդ հոդվածի մասով ասում են՝ գողություն ես կատարել, օժանդակել ես գողությանը կամ գումար ես գողացել: Ինձ մեղադրողը թող բացատրի այս  երեք կետերից ո՞րն եմ ես կատարել, ես ոչ մեկը չեմ արել»,- ասաց Բաբայանը: 

Ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակղցի հետ զրույցում Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը տեղեկացրել էր, որ դիմել են Վերաքննիչ՝ պահանջելով Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ և կայացնել արդարացման դատավճիռ:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: