ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 2-ին ընդունեց Լեհաստանի նորանշանակ դեսպան Պավել Չեպլակին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ընգդծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-լեհական դարավոր բարեկամությունը՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-լեհական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Չեպլակը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի՝ երկու երկրների միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության առավել խորացման ու ընդլայնման նպատակով։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության առավել ամրապնդման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ինչպես նաև միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հեռանկարների և հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: