ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա: Առաջին հայացքից թվում է՝ Սարգսյանը պետք է «քննություն» կամ «ստուգում» անցնի Մոսկվայում, այսպես ասած, անակնկալներից զերծ մնալու համար:
Սակայն, ֆորմալ տեսանկյունից նրա այցը ունի Սփյուռքի, տվյալ դեպքում՝ ռուսաստանյան հայերի հետ շփման նպատակ: Մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել, որ Սարգսյանի այս վոյաժը կտարածվի սփյուռքի բոլոր գաղթողջախների վրա, այս տեսանկյունից Մոսկվայի՝ իբրև մեկնակետի ընտրությունը արժանի է ուշադրության: Սարգսյանը մի շարք շրջանակների կողմից դիտարկվում է իբրև արևմտյան դիրքորոշում ունեցող կամ այլ կերպ ասած՝ արևմուտքի թեկնածու:
 
Դա տրամաբանական է, հաշվի առնելով Սարգսյանի կապը հատկապես Մեծ Բրիտանիայի հետ, մյուս կողմից դժվար չէ կռահել, որ լինելով պրո-արևտմյան գործիչ Հայաստանում Սարգսյանը հակակշիռ է դառնալու ռուսական կապիտալի ներկայացուցիչներին, որոնք այսօր հանդիսանում են վարչապետ Կարեն Կարապետյանի ֆինանսական հենարանը: Արդարության դեմ չմեղանչելու համար, ընդունենք, որ Հայաստան եկող ներդրումների առյուծի բաժինը հենց ռուսաստանաբնակ կապիտալն է: Ստացվում է՝ մի կողմից Արմեն Սարգսյանը բալանսավորելու է այն, մյուս կողմից՝ նրա նշանակմամաբ Սերժ Սարգսյանը դիֆերսիֆիկացնում է նաև ներդրումների աղբյուրները:
 
 
Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա՝ ճշտելու ժամացույցի սլաքները հենց ռուսաստանահայ կապիտալի ներկայացուցիչների հետ, քանի որ ապրիլից հետո համակարգի հիմքում ընկած է լինելու մեծապես կոմպրոմիսային մոտեցումը, և ոչ թե մրցակցությունը, ինչը հղի է բազմաթիվ ռիսկերով:
 
Ինչ վերաբերվում է այն դիտարկումներին, թե Սարգսյանը մեկնել է Մոսկվա ստանալու Կրեմլի աջակցությունը, միանշանակ կարելի է ասել, որ նախագահի թեկնածուն դրա կարիքը չունի այն պարզ պատճառով, որ ռուսական կողմին չի հետաքրքրում՝ ով է զբաղեցնելու այդ պաշտոնը: Սերժ Սարգսյանը նախապես հայտարարել էր, որ Նախագահը ապաքաղաքական ֆիգուր է, և երկրորդ՝ բոլորը հասկանում են, որ այս պաշտոնը Հայաստանում հետայսու կրելու է դեկորատիվ բնույթ եվ ոչ մի դեր չի ունենալու:
 
Բացի այդ Արմեն Սարգսյանը ոչ միայն արևմտյան կապեր ունի, այլև եվրասիական: Մասնավորապես, մոտ հարաբերություններ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստեր հետ` ըստ որոշ լրատվամիջոցների։
 
Ստելլա Խաչատրյան