Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: Հայաստանի իշխանություններին պարտավորեցնում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակչուհի Եվգենյա Ֆիդանյանին վճարել 19 000 եվրո՝ 2009թ.-ին նրա իրավունքները խախտելու և ապօրինի կերպով աշխատանքից հեռացնելու համար: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկանում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքից

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել  «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի  34-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացի  Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ ՀՀ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

 

Նշենք, որ Եվգենյան Ֆիդանյանը եղել է Հարկային պետական ծառայության աշխատակից և 2009-ին կոմիտեի նախագահը որոշել է լուծել նրա աշխատանքային պայմանագիրը, որից հետո քաղաքացին դատական հայց է ներկայացրել կոմիտեի դեմ՝ պահանջելով  անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել իրեն նախկին պաշտոնում և  բռնագանձել իր միջին աշխատավարձը:

2009-ին վարչական դատարանը բավարարել է դիմումատուի երեք պահանջները: Այդ վճիռն անփոփոխ է թողնվել բարձրագույն դատական ատյանի՝ վճռաբեկ դատարանի կողմից, և 2009 թվականի նոյեմբերի 4-ին այն դարձել է վերջնական: Համաձայն որոշման՝ ՊԵԿ-ը պետք է քաղաքացի Ֆիդանյանին իր պաշտոնում վերականգներ և հարկադիր գործազրկության (2009 թ. փետրվարի 23-նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատված) դիմաց նրան վճարեր 1,197,748 դրամ աշխատավարձ: Գումարը վճարվել է քաղաքացուն, սակայն նրա պայմանագիրը չի վերականգնվել: Այնուհետև քաղաքցին դիմել է ՄԻԵԴ, որից հետո գանգատը վարույթ է ընդունվել 2013-ին:

Դիմումատու Եվգենյա Ֆիդանյանը պահանջել է 26 մլն 535 հզր ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, և 19.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ևս 800.000 ՀՀ դրամ՝ դատարանի համար արված ծախսերի փոխհատուցում:

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի՝ նյութական վնասի դիմաց՝ 14.165 եվրո, ոչ նյութական վնասի դիմաց՝ 3600 եվրո, ծախսերի դիմաց՝ 1300 եվրո:

Նշենք, որ այս տարվա ընթացքում ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի կայացրել է 6 վճիռ: 

Հավելենք՝ դեռևս 2016 թվականին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել էր ՄԻԵԴ-ին վճարվելիք գումարներին: Նա հանձնարարել էր ֆինանսների նախարարությանը՝ քննարկել և հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է վճարվել Եվրադատարանի վճիռների արդյունքում. «Այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ»,- իր զայրույթն էր արտահայտել նախկին վարչապետը:

 

Սոնա Հարությունյան