Հայաստանում գնաճ է արձանագրվել ոչ միայն սպառողական ապրանքների, այլև անշարժ գույքի շուկայում: Պաշտոնական վիճակագրությունը ևս փաստում է, որ անշարժ գույքի մեկ քմ գները 2017 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել են: Թանկացել են Երևանի բոլոր վարչական շրջանների բնակարանների գների, բարձրացում կա նաև մարզերում:

Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ միայն Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 9 հազար դրամով: Եթե նոյեմբեր ամսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ը արժեցել է 456 հազար 500 դրամ, ապա դեկտեմբերին այն կազմել է 465 հազար 500 դրամ: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Անշարժ գույքի գնահատման ընկերության տնօրեն Արա Ադուրյանն, անդրադառնալով անշարժ գույքի շուկայում գների բարձրացմանը, նշեց, որ առանձնապես կտրուկ թանկացում նկատելի չէ:

«Երբեմն ամշարժ գույքի գնաճը կապում են համատարած թանկացումների հետ, բայց պետք է ասեմ՝ եթե դրանք կապելու լինենք միմյանց հետ, ապա անշարժ գույքը Հայաստանում պետք է էժանանար: Այս ընթացքում ավելի շատ կայուն վիճակ եմ նկատել, այսինքն՝ ոչ թանկացել են, ոչ էլ նվազել: 2017թ. վիճակագրությամբ՝ Անշարժ գույքի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալներով, գները նվազել են 3.5-4 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դեկտեմբերին գների թանկացումը կարող ենք պայմանավորել նրանով, որ տարեվերջ է և մեր հայրենակիցները, ովքեր ամբողջ տարին աշխատում են արտերկրում, կապված Ամանորի հետ, գուցե դեկտեմբերին ավելի շատ են գալիս ու գնումները հիմնականում հենց այդ ժամանակ են անում»,- ասաց անշարժ գույքի գնահատման մասնագետը:

Նա նշեց՝ արտառող գնաճ չի նկատել, իսկ անշարժ գույքի գների ցանկացած կտրուկ տատանումը միշտ կապված է լինում տնտեսական կտրուկ որևէ փոփոխության հետ. «Եթե այդ մեկ ամսվա ընթացքում նման բան տեղի չի ունեցել, ապա հայաստանյան անշարժ գույքի շուկայի պարագայում նորմալ են նման փոքր տատանումները՝ մեկ ամիս կարող է գնաճ լինել, հաջորդին՝ գնանկում, քանի որ մենք չունենք կայուն զարգացող շուկա»,- ասաց Ադուրյանը:

Ադուրյանը դժվարացավ ասել՝ գների նվազման միտում կլինի, թե՝ ոչ, նշելով, որ Հայաստանի պարագայում անկանխատեսելի է, թե ինչ տեմպով կզարգանա մեր երկիրը: Հնարավոր կլիներ կանխատեսել այն պարագայում, եթե ունենանք տնտեսական կայուն վիճակ, գործազրկությունը նվազի, թոշակներն, աշխատավարձերը բարձրանան: 

«Այսօր, իմ խորին համոզմամբ, բնակարանների գործարքներն ավելացել են նախորդ տարվա համեմատ, մարզերում փոքր-ինչ պակաս, քան Երևանում: Դա պայմանավորված է հիպոթեքային վարկերի՝ գնալով ավելի մատչելի, ավելի լավ պայմանների հետ, ինչպես նաև «Բնակարաններ երիտասարդներին» ծրագրի և մի շարք այլ գործոններով»,- եզրափակեց Ադուրյանը: 

 

Սոնա Հարությունյան