2018-ին ընդառաջ ներիշխանական պայքարի համատեքստում ամենալուրջ խնդիրը վարչապետ Կարեն Կարապետյանի հարցն է։ Մի կողմից՝ հատուկ նրա համար ստեղծվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Բայց այստեղ սարգսյանական թևը նաեւ պրոցեդուրային առումով է «լուծում գտել»։ Ըստ ՀՀԿ-ական մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու առաջարկ անելու է ՀՀԿ առաջին փոխնախագահ, ապագա առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Ավելին` նա հիմնավորելու է, թե ինչու պետք է հենց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այս փուլում դառնա վարչապետ: Այն, որ Կարեն Կարապետյանը կմնա Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ միանշանակ է:
 
Դժվար թե կրկնվի քաղաքապետ Կարապետյանի հետ տեղի ունեցած ոդիսականը: Ինչպես հիշում ենք, այն ժամանակ Կարապետյանը չէր ուզում հրաժարական տալ. հենց ինքը հեռուստաէկրանից խոստովանեց, որ այդ որոշումը կայացրել է շատ մեծ դժվարությամբ, ու թեեւ այդ նույն եթերով ասում էր, թե ներիշխանական տարաձայնությունների հետեւանքով չի հրաժարականի դիմում գրել, բայց ակնհայտ էր, որ պարզապես «մանթռաշ» վիճակում է: Նա, նախ, իր թիմի միջոցով փորձեց սոցիալական ցանցերում արշավ կազմակերպել ի պաշտպանություն իրեն: Այդ ժամանակ հրաժարականի մասին պաշտոնապես դեռ չէր խոսվում, եւ Կարապետյանը հույս ուներ, թե հնարավոր է` ինչ-որ բան փոխվի: Այնուհետեւ, երբ այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէր, Կարապետյանն իր շրջապատի միջոցով սկսեց տարածել, թե Մոսկվայից լավ առաջարկ է ստացել` շատ բարձր աշխատավարձով, եւ իր հրաժարականի պատճառն այլ աշխատանքի տեղափոխվելն է: Այնուհետև ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ Կարապետյանը դառնալու է «Գազպրոմ»-ի ղեկավար Միլլերի տեղակալ` միաժամանակ նշելով, որ Միլլերի բոլոր տեղակալների հաստիքները զբաղված են, եւ պարզ է, որ Կարեն Կարապետյանի համար տեղակալի նոր հաստիք է բացվելու: Այսինքն, ստացվում է, որ Կարապետյանը պարզապես «կպցրել» էր այդ նոր պաշտոնը, երբ արդեն պարզ էր դարձել, որ պետք է հրաժարականի դիմում գրի: Ներկա պահին Կարապետյանի մոտ նման դեգերումներ չենք նկատում, խաղաղ է նաև «գազավիկների» ճակատում, իսկ դա նշանակում է, որ Կարապետյանը կմնա: Մյուս կողմից՝ վերջին շրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները և համակարգից եկող մեսիջները հուշում են, որ չի գնալու նաև Սերժ Սարգսյանը: Ավելին՝ հենց նա է ապրիլին ստանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնը: Իսկ գործող համակարգին լեգիտիմություն հաղորդելու համար՝ առաջարկը կհնչեցնի դրայվոտ վարչապետը:
 
Իրականում Կարապետյանը չունի մանևրելու և ոչ մի տարբերակ: Եթե մինչ օրս նրա գլխավոր հենարանը համարվում էր Սամվել Կարապետյանը, ապա չպետք է մոռանալ, որ վերջինս նախևառաջ պրագմատիկ գործարար է, և այժմ իր շահերը ինստիտուցիոնալիզացնելու է այն համակարգում, որտեղ առաջին ջութակը Սերժ Սարգսյանն է լինելու: Բացի այդ, Սամվել Կարապետյանի գործողությունները որոշակիորեն` գոնե հոգեբանական մակարդակում, կաշկանդված են` ԱՄՆ հրապարակած «Կրեմլի ցուցակում» նրա անվան հայտնվելուց հետո: Սերժ Սարգսյանին աջակցելը, առաջին փոխվարչապետ դառնալը` Կարեն Կարապետյանի մոտ գոնե, կարող են ծնել քաղաքական ժառանգության հույսեր: Սահմանադրությունը ոչ թե փոխվել է, որ Կարեն Կարապետյանը ինչ-որ մի պահի դառնար վարչապետ, այլ փոխվել է, որպեսզի ծառայի ուրիշ նպատակի: Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը մաքսիմում մեկ տարի էր:
 
Ստելլա Խաչատրյան