«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում է նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացնել վարչապետի ձեռքում: Ու քանի որ հենց Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն, փորձ է արվում պետական կառավարման մարմինների գործունեությանն առնչվող ողջ օրենսդրությունը հենց այդ տրամաբանությամբ գրել' օծելով նրան լայն լիազորություններ: Ու բանն այնտեղ է հասել, որ ներկայացված օրենսդրական նախագծերն իրենց բովանդակությամբ արդեն հակասությունների մեջ են մտնում Սահմանադրության հետ:

Ըստ երկրի մայր օրենքի 135 հոդվածի' նախագահը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ներում է շնորհում դատապարտյալներին: Բայց ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրինագծի համաձայն' նախագահը ներում շնորհելու է վարչապետի առաջարկությամբ: Այսինքն' մինչեւ համապատասխան առաջարկը նախագահին ներկայացնելը ներման հետ կապված ողջ գործընթացը կարգավորելու է վարչապետը: Ավելին' եթե նախագահը համառի եւ չընդունի վարչապետի առաջարկը, այնուամենայնիվ, փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու իրավունքի ուժով:

Ասել է, թե այս հարցում որոշողը լինելու է վարչապետը:

Օրենսդրությունն այս տրամաբանությամբ գրելը, թերեւս, պատահական չէ. ինչպես հիշում եք' վերջին տարիներին համապետական բոլոր ընտրությունների նախաշեմին իշխանությունների օգտին աշխատելու դիմաց բանտերից ազատ արձակվեցին քրեական տարրերը, որոնք տեղամասերի մոտ արդյունավետ կազմակերպում էին ընտրական պրոցեսը: Եւ հիմա Սերժ Սարգսյանն այս կարեւոր գործիքը պահում է իր ձեռքում նաեւ հաջորդ ընտրությունների ժամանակ անարգել գործածելու նպատակով: Բացի այդ' նա ապահովագրում է իրեն, որպեսզի հանկարծ իր հրահանգով կալանավորված որեւէ քաղբանտարկյալ ազատ չարձակվի»:

Ավելի մանրամասն'«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: