«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: Հունվարի 21–ին՝ ապրիլյան պատերազմի հերոսներից Գոռը կդառնար 22 տարեկան: Գոռը հաց էր տանում երեք օր անհաց մնացած դիրքերի զինվորներին ու զոհվեց:

Ծնողները ոչ մի կերպ չեն համակերպվում, չեն ցանկանում հավատալ, որ իրենց որդին այլևս տուն չի գա:
 
 

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում Գոռ Կիրակոսյանի հայրը` Կարապետ Կիրակոսյանը նշեց. «Չնայած մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին` փորձում ենք ուժեղ լինել ու հարմարվել սոցիալական վիճակին: Մի որդի էլ ունենք և մտածում ենք նրա ապագայի մասին: Գոռը ուրիշ էր ու նրան ոչ մեկը չի փոխարինի: Ամեն զավակ իր տեղն ունի ու հիմա նախանձում եմ Քյարամ Սլոյանի հորը` ազատվեց ցավից ու գնաց որդու մոտ: Ես էլ փորձում եմ Գոռիս փոխարեն սահմանին օգուտ տալ, երևի մի քիչ ստացվում է»,– նշեց Կարապետ Կիրակոսյանը, ով տարիներ շարունակ արտագնա աշխատանքի միջոցով է ապահովել իր ընտանիքի ապրուստը, սակայն երդվել է` այլևս Հայաստանից չի հեռանա:

«Գոռը բնավորությամբ հանգիստ էր, բայց խիզախ էր ու վախ չուներ ոչ մի բանից: Ես միշտ վախենում էի՝ տղաս մտքին ինչ դներ, պետք է աներ: Իր կյանքի գնով արեց իր քայլը: Ապրիլի 1–ին դիրքից իջավ, բայց հետո նորից դիրք էր բարձրացել: Զանգել էի, որ իմանամ ` պատերազմ է՝ դու չաստո՞ւմ ես: Գոռը ասում էր` մա՛մ, ամեն բան նորմալ է, ու սկսում էր երգել, որ կրակոցի ձայները չլսեմ»,–հավելում է Գոռի մայրը` Գայանե Կիրակոսյանը:

Գոռի հիշատակը հավերժացնելու համար հայրը և ընկերները նրա ծառայած դիրքում մատուռ կառուցեցին:

«Իմ Գոռի անունը ինձ համար այնքան թանկ է, որ ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջին օրը շարունակել նրա սկսած գործը: Որդիս հայտնի է որպես հաց տանող հերոս, բայց մեր զինվորները խաղաղ պայմաններում հացի կարիք չեն զգում: Այս պատճառով էլ ես մաշված անվադողեր եմ հավաքում ու դրանք տեղափոխում եմ առաջնագիծ` դիրքերը էլ ավելի ամրացնելու նպատակով»,–մանրամասնում է Կարապետ Կիրակոսյանը:

Ընտանիքը ապրում է համեստ կյանքով, զբաղվում են հողագործությամբ, սակայն երբեք չեն լքի հայրենիքը:

«Ինչ էլ լինի` կմնանք, որովհետև այս հողի վրա որդուս արյունն է: Հորս տան բակում դեռ կանգնած է Գոռիս մեքենան, բանակ գնալուց առաջ պատվիրեց` ինքը կգա ու կվարի: Երբեք ձեռք չենք տա մեքենային, որովհետև ձեռքս չի գնա: Դա նրա ապրած կարճ, բայց հզոր կյանքի մի մասն է»,– հուզվեց Կարապետ Կիրակոսյանը:

 

Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ ու պետք է վերադառնար 97 օրից՝ 2016–ի հուլիսի 7–ին: Նա զորամասում մեքենաներն էր վերանորոգում, սնունդ էր հասցնում զինծառայող ընկերներին։

«Պատերազմը միշտ էլ քթներիս տակ է, ու մի օր էլ անակնկալ կմատուցեն թուրքերը: Ես մահից չեմ վախենում, բայց ուզում եմ, որ երկիրս միշտ խաղաղ ապրի: Իմ որդին իր արյունը նվիրեց Արցախի հողին: Նա շարունակում է ապրել, քանի որ նրա մասին բազմաթիվ պատմություններ են պատմում: Թող ամաչեն այն ծնողները, ում որդիները հանցանք են գործում և հայտնվում են բանտում: Գրիգորս էլ ազնիվ ու հարգանքով տղա է: Նա կպահի եղբոր անունը…»,– նշեց Գոռ Կիրակոսյանի հայրը:


Հ.Գ. Գոռ Կիրակոսյանի հայրն ու մայրը առողջական խնդիրներ ունեն, բայց չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին: Հերոսի ընտանիքը մտածում է, որ իրենց «բողոքով» կանհանգստացնեն մարդկանց:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում