Պաշտոնական Թեհրանը դատապարտել է սիրիական Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների իրականացումը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Քասեմին ընդգծել է, որ ներքին պատերազմի հետևանքով մասնատված Սիրիայում թուրքական կողմի նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» գործողությունն ավելի կմեծացնի լարվածությունը երկրում: «Թուրքիան պետք է դադարեցնի գործողություններն ու հարգի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Քասեմին:

 

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: