Մենք բազմիցս անդրադարձել ենք «Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի վերաբերյալ բողոքներին: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Եփրեմյանը նշեց, որ ինքը դատի է տվել «Օդից փող» հաղորդաշարին և դիմումի մեջ ընդգծել է, որ այն ակնհայտ խարդախություն է իրականացնում՝ մոլորության մեջ գցելով մարդկանց:

Նշենք, որ հեռուստախաղի ժամանակ հաղորդավարը պարզունակ հարցեր է հնչեցնում, որոնց պատասխանելու համար հեռուստադիտողները զանգահարում են էկրանին ցուցադրվող հեռախոսահամարով:

 

«Ես դիմել եմ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, գործը քննչական վարույթ է ընդունվել: Երբ ավարտվի, գործն արդեն կմտնի դատարան: Ես 6 ամիս պայքարում էի, որ վարույթ ընդունեն: Գրավոր դիմեցի Նախագահին, Գլխավոր դատախազին և վերջինս ընթացք տվեց գործին»,- ասաց նա: 

Արմեն Եփրեմյանը նշեց, որ բազմաթիվ բողոքներ են ստացել և խաբված քաղաքացիների թիվը բավականին մեծ է, որոնց կրած վնասները 161 000, 250 000, 270 000-ական դրամներ են: Իսկ թիրախում ամենախոցելի, միամիտ խավն է՝ թոշակառուները: 

«Հեռուստախաղի կազմակերպիչներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել խարդախության հոդվածով: Դրանց մեջ մտնում են և՛ հաղորդաշարի հեղինակը, և՛ պրոդյուսերը, և՛ վարողը, Հ2 հեռուստաալիքը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Ի դեպ՝ վերջինիս գրում եմ՝ ասում են, թե խարդախություն չեն տեսնում: 

Հանցավոր համագործակցության մեջ են նաև կապի օպերատորները, որոնք միտումնավոր չեն անջատում հեռախոսակապը: Դատարանը դիմելու է կապի օպերատորներին, որպեսզի մեկ տարվա կտրվածքով ներկայացնեն, թե քանի զանգ է եղել «Օդից փող»-ի համարին և որքան գումար է գանձվել: Եթե օպերատորների ընդանուր գումարը ներկայացնեն, երևի թե մեր պետական բյուջեին կանցնի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ միլիոնավոր դոլարներ են «պոկում» ժողովրդից, քանի որ հաղորդումն ավելի քան 3 ժամ է տևում: 

Վերջինս շեշտեց, որ ի թիվս բազմաթիվ բողոքների, իրենց Ստեփանավանից մի կին է դիմել. «Նա ասաց, որ երբ ծառայության մեջ գտնվող տղային է զանգել, խոսելաժամանակի 3000 դրամի շեմը գերազանցելուց հետո Ucom–ն անջատել է հեռախոսը: Այսինքն՝ այլևս հնարավոր չէր լինում զանգեր կատարել: Պատկերն այլ է եղել «Օդից փող» հաղորդմանը զանգահարելու ժամանակ, երբ կուտակվել են տասնյակ հազարավոր դրամներ, բայց հեռախոսը չի անջատվել»,- ասաց Եփրեմյանը:

Նշենք, որ զանգի մեկ րոպեն արժե 540 դրամ: Գումարը սկսվում է հաշվվել այն պահից, երբ կատարվել է զանգը: Հաղորդավարին միանալ կարող է միայն պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացին:

 

Հավելենք նաև, որ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը լրատվամիջոցներին ներկայացրել է, թե ինչ ընթացք է ստացել դիմումը:

«2017 թվականի դեկտեմբերին «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ–ի ղեկավար Արմեն Եփրեմյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ասելով, որ հաղորդման կազմակերպիչները քաղաքացիներից խաբեությամբ գումարներ են գանձում: Դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Քրեական գործը հարուցվել է 178–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետի հատկանիշներով: Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Այս պահին գործը նախաքննության փուլում է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ մեկ այլ քաղաքացու կողմից ևս ահազանգ է եղել, վերջինս դիմել է հունվարի 27–ին, իսկ այս պահին Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 


Սոնա Հարությունյան