Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կուրծք ծեծելով հայտարարում են, թե կյանքի գնով պահելու են իրենց խոստումը, որպեսզի հանրապետությունում ծառերի սպանդ տեղի չունենա, 2 օր է՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայում ծառերի սպանդ են իրականացնում։ Դա էլ դեռ քիչ էր, իրենց «սև գործը փակելու համար» կտրված ծառերի տեղը խճաքարեր են լցրել ու հիմա փորձում են ասֆալտապատել։
 
Ավելի ուշ՝ քաղաքապետարանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Պարզապես հետաքրքիր է՝ եթե ամեն ինչ այդչափ օրինական էր, ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել ծառերը հատել գիշերը՝ գաղտագողի:
 
Վերանորագված այգիներն, ինչպես ցույց է տվել փորձը, սովորաբար լինում են ծառազուրկ, սալիկապատված ճեմուղիներով։ Տարված լինելով ավելի բարեկարգ Երևան ունենալու մոլուցքով` Տարոն Մարգարյանը մոռանում է կարևորել՝ մթնոլորտի′ «բարեկարգման մասին», արդյունքում հատվում են բազմաթիվ ծառեր: Մամուլը և վերջին տարիներին ստեղծված համապատասխան հասարակական կազմակերպությունները ահազանգում են՝ Հայաստանում ոչ միայն չեն դադարում ապօրինի ծառահատումները, այլեւ դրանց չափերը օրեցօր ահագնանում են` հատելով բարոյականության եւ իրավունքի բոլոր սահմանները։ Ավա՜ղ, որքան ավելի շատ է մամուլը բարձրաձայնում այս ամենի մասին, եւ որքան ավելի են խտանում ապօրինի ծառահատումների դեմ պայքարողների շարքերը, այնքան ավելի վայրագորեն է ոչնչացվում կանաչապատ տարածքը:
 
 
Ստելլա Խաչատրյան