ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը: Դեսպան Դաղերն իր հերթին հայտնել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու` լիբանանյան կողմի պատրաստակամության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: